Հունվարի 22-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «Ռենո» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքում, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի թիվ 27/7 հասցեում գտնվող «Էրզրում» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի մոտակայքում բախվել են «Մետրո» տաքսի ծառայությանը պատկանող «Reno Logan» մակնիշի 129 LO 61 պ/հ (վարորդ՝ 62-ամյա Է. Հ.) եւ «Nissan X Trail» մակնիշի 34 MC 655 պ/հ (վարորդ՝ 28-ամյա Վ. Գ.) ավտոմեքենաները:

«Reno Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Հ.-ն եւ ուղեւոր 44-ամյա Տ. Պ.-ն, «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Գ.-ն եւ ուղեւոր 27-ամյա Վ. Տ.-ն հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ սահմանազատել տարածքը: