Ալավերդու պղնձաձուլական գործարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում այսօր։ Ինչպես տեղեկացրել էինք, գործարանի ղեկավար կազմն ու աշխատակիցները սպասում էին նորանշանակ մարզպետի հետ հանդիպմանը, սակայն վերջինս մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին և հանդիպմանը ինչպես երեկ, այնպես էլ այսօր՝ եկել էր փոխմարզպետ Արամ Խաչատրյանը։

Փոխմարզպետը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում մանրամասնեց, որ գնացել էր աշխատակիցների հետ խոստացված հանդիպմանը, որի շրջանակներում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածությունը՝ միջպետական ճանապարհի և երկաթգծի բացման վերաբերյալ։ «Հանդիպել եմ նաև տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ, այնուհետև «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավար Լուսինե Մեջլումյանին տեղեկացրել, որ երկուշաբթի օրը պետք  հանդիպի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակն ու լուծման հնարավոր ճանապարհները։ Ցուցարարները բացել են արդեն ճանապարհը»,-ասաց փոխմարզպետ Խաչատրյանը։

 

Այն ճշտող հարցին, թե ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա այս խնդիրը, և ի՞նչ հստակ քայլեր են տարվում գործարանի բնականոն աշխատանքն ապահովելու համար, փոխմարզպետը դժվարացավ պատասխանել․ «Այս պահին չեմ կարող ասել, թե ինչպես կլուծվի հարցը: Երկուշաբթի օրվա հանդիպումից ամեն ինչ պարզ կլինի։ Ընթացակարգը չեմ կարող ասել: Գաղտնիք չէ, պարզապես չեմ տիրապետում»։

Մեր այն դիտարկմանը, թե առաջընթացային որևէ քայլ, այսինքն, այսօրվա հանդիպման ընթացքում չի՞ արվել և հարցը ձգվում է մինչև երկուշաբթի՞, փոխմարզպետը նշեց․ «Այո՛, ամեն ինչ երկուշաբթի օրվանից է կախված»։

Իսկ թե իրավիճակից ինչ կարելի է ենթադրել՝ կփակվի՞ գործարանը, թե՞ քայլեր կձեռնարկվեն այն «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ից ետ վերցնելու և բնականոն աշխատանքի վերադարձնելու համար, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը հույս հայտնեց, որ չի փակվի գործարանը։

Արմինե Միքայելյան