Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ոչ պաշտոնական կայքէջը հայտարարություն է տարածել, կապված՝ ՀՀ ԱԱԾ-ի հոկտեմբերի 11-ի տարածած տեսանյութի հետ, ըստ որի՝ ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և փողերի լվացման մեղադրանքով:
«Այդ հոլովակը իշխանությունների՝ նախագահ Քոչարյանին վարկաբեկելու հերթական պրիմիտիվ փորձն է։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի հրապարակումից հետո, որն ի չիք դարձրեց «սահմանադրական կարգը տապալելու» հարցով Քոչարյանի քրեական հետապնդման իրավական հեռանկարները, իշխանությունները հապճեպորեն փորձում են նրա դեմ կոռուպցիոն բնույթի մեղադրանքներ «սարքել»։ Ակնհայտ է, որ դա արվում է սահմանադրությամբ ամրագրված՝ նախագահի անձեռնմխելիությունը շրջանցելու համար։ Նախագահ Քոչարյանը կապ չունի հոլովակում ցուցադրված հյուրանոցների հետ։ ՀՀ նախագահը մասնակցել է այդ ժամանակների գրեթե բոլոր հյուրանոցների բացմանը զբոսաշրջության՝ որպես երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղության համատեքստում։ Հիմա, ինչ վերաբերում է Արմեն Ավետիսյանին․Ռոբերտ Քոչարյանը երբեք քաղաքացիների ունեցվածքի մասին տեղեկությունների հավաքագրմամբ չի զբաղվել՝ թե լինելով նախագահի պաշտոնում, թե, առավել ևս, պաշտոնավարումից հետո։
Դրա համար գոյություն ունեն կադաստրի և ռեեստրի պետական համապատասխան ծառայությունները։ Այս ամենը մի բան է նշանակում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է, բայց արդեն կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսների ներքո։ Եվ դա արվում է դեռևս պաշտոնավարող այն պաշտոնյաների կողմից, որոնք հրապարակայնորեն «բռնվել են» Քոչարյանի կալանքի հարցում դատավորի վրա ճնշում գործադրելու հանցավոր դավադրության մեջ: Ինչ վերաբերում է Սիվա Համբարձումյանին, ապա Ռոբերտ Քոչարյանը երբևէ կապ չի ունեցել նրա հետ, նույնիսկ չի իմացել այդ անուն-ազգանունով գործարարի գոյության մասին։ Այնպես որ՝ գործ ունենք հերթական ստի հետ»։ Հետգրություն՝ 2rd.am-ի կողմից. Պաշտոնավարման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է ոչ միայն «Գոլդեն Փելես», այլև «Երևան», «Մետրոպոլ», «Արարատ», «Մարիոթ», «Թուֆենկյան» և տասնյակ այլ հյուրանոցների բացման արարողություններին»,-ասված է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ: