Ինչպես գիտեք, 2014 թվականի ապրիլի 22-ին 2rd.am կայքէջը հրապարակեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի շարունակությունը: Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը շոշափել էր վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև պատասխանել էր քաղաքական օրակարգի մի քանի հրատապ խնդիրներներին վերաբերող որոշ հարցերի: Հաջորդ մի քանի օրերին, ինչպես և սպասվում էր, հարցազրույցն ակտիվորեն քննարկվում էր: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ այդ առիթով քաղաքական մեկնաբանների ու լրագրողների ճնշող մեծամասնությունը հասարակությանը ներկայացրեցին համարժեք գնահատականներ: Թեմայի շուրջ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումների բնույթն ու փորձագիտական արձագանքները տալիս են բոլոր հիմքերը համոզված ասելու, որ մարդիկ ճիշտ են ընկալել բոլոր շոշափված հարցերի վերաբերյալ նախագահ Քոչարյանի հասկանալի ու փաստարկված դիրքորոշումը:

 

Այժմ հարցազրույցի վերաբերյալ իշխանության որոշ ներկայացուցիչների արձագանքների մասին:
Ըստ բովանդակության, այդ արձագանքները կարելի է բաժանել երկու խմբի.

 

1.Արձագանքներ, որոնք հանգում էին մտքին, թե սահմանադրական բարեփոխումներն այնուամենայնիվ հասարակության պահանջն է ու հասունացած անհրաժեշտություն, և այդտեղ է մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ կենսական խնդիրների լուծման բանալին:

 

2.Արձագանքներ, որոնք վերաբերում էին ոչ թե հարցազրուցի բովանդա-կությանը, այլ դրա ի հայտ գալու փաստին: Մասնավորապես, հնչեցին ուղղակի կամ անուղակի մեղադրանքներ առ այն, որ նախագահ Քոչարյանը մինչ իր տեսակետն արտահայտելը, պարտավոր էր հայտարարել մեծ քաղաքականություն իր վերադարձի մասին:

 

Հիմա դիտարկենք այդ արձագանքները առանձին-առանձին:

 

1.Եթե ծանոթանանք վերջին 4 տարվա ընթացքում տարբեր սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրություններին, ապա կտեսնենք, թե որ խնդիրներն են մեր քաղաքացիները համարում ամենահրատապը: Հարցին, թե «երկրի առջև ծառացած խնդիր-ներից որո՞նք եք այս պահին համարում ամենակարևորը»՝ հարցվողների գերակշիռ մեծամասնությունը տարեցտարի պատասխանում է'գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը, ինֆլյացիան, ցածր աշխատավարձը և կենսաթոշակը, ինչպես նաև կոռուպցիան : Ահա խնդիրների այն շարքը, որոնց լուծմանը մարդիկ սպասում են /իմիջիայլոց, հարցվողներից ոչ մեկը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակի Սահմանադրությունը չի հիշատակել/: Մոլորություն է կարծելը, թե այդ խնդիրների լուծումը կախված է սահմանադրական բարեփոխումներից, և չինովնիկների դեկլարատիվ հայտարարությունները ոչ մեկին հակառակը չեն համոզի: Անգամ նախկին կառավարությունը, որ մշտապես օբյեկտիվ պատճառներ էր փնտրում բոլոր անհարթությունները բացատրելու համար, չէր փորձում արդարացնել դրանք Հիմնական Օրենքի անկատարությամբ:

 

2.Մեր մոլորակի հարյուր միլիոնավոր մարդիկ ամեն օր Facebook-ում ու Twitter-ում արտահայտում են իրենց կարծիքը բոլոր հնարավոր, այդ թվում նաև՝ քաղաքական հարցերի վերաբերյալ: Պնդումը, թե երկրի կենսական խնդիրների վերաբերյալ տեսակետ արտահայտելու համար նախ պիտի բարձրաձայնես քաղաքական նպատակներիդ մասին, այն էլ սոցիալական ցանցերի մեր դարում՝ ծանր դեպք է քաղաքավարության շրջանակներում բնութագրելու համար: Սահմանադրության 27-րդ հոդվածով էլ կարծես թե նման որևէ նախապայման չի ենթադրվում /սա ի գիտություն արդարադատության նախարարի պաշտոնակատարի/: Ավելին, այստեղ խոսքը գնում է մի մարդու կարծքի մասին, ով որոշիչ դեր է ունեցել ԼՂՀ պետականության կայացման գործում և տասը տարի հաջողությամբ աշխատել է ՀՀ նախագահի պաշտոնում: Այդպիսի կենսագրություն ունեցող քաղաքական գործիչն ուղղակի իրավունք չունի լռել՝ անկախ ապագայի իր ծրագրերից:

 

Վերջում անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում չի քննարկել պետական կառավարման այս կամ այն մոդելի առավելություններն ու թերությունները: Նա համարում է /և այդ առիթով հրապարակավ արտահայտվում/, որ իմաստնաբար կամ ապաշնորհ կերպով կարելի է երկիրը ղեկավարել ինչպես նախագահական աշխատասենյակից, այնպես էլ վարչապետական: Նայենք ԱՄՆ-ին ու Կանադային, կամ Ֆրանսիային ու Գերմա-նիային: Դրանք միանգամայն տարբեր պետական կառուցվածք ունեցող հարևան երկրներ են: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նախագահական կամ խորհրդարանական հանրապետության մոդելը չի հաջողությունների ձեռքբերման վճռորոշ գործոնը: Հայաստանի խնդիրները պետական կառավարման մոդելի մեջ չեն: Խնդիրն այն է, թե ինչպես է կառավարվում մեր երկիրը:



ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ