Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք չի եղել։ Այս մասին նշված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի տարածած հայտարարության մեջ։
«Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե իբր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Բացի այդ, նշվում է, որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին և որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու` հեռացել է այնտեղից՝ նախօրոք այնտեղ պատրաստ կանգնած իր ավտոմեքենայով: Այս ամենը սուտ է»,–հայտնում է Քոչարյանի պաշտպանական թիմը։
Փաստաբանները հայտնում են, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին: Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը ևս սուտ է։ Քոչարյանի պաշտպանները հայտնում են, որ տասնյակ լրատվամիջոցներ Քոչարյանի խափանման միջոցի որոշման հրապարակելուց հետո գնացել են ԱԱԾ շենքի մոտ և ուղիղ տեսանկարահանմամբ արձանագրվել է` երբ և ինչպես է Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից:
Մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ, գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ երաշխավորությունը ներկայացնելու համար երաշխավորները պարտադիր պետք է ներկայանան դատարան։
Մայիսի 16-ին նախագահները ներկայացել էին դատարան ու հաստատել իրենց երաշխավորագիրը` որպես անձնական երաշխիք վճարելով 500 000-ական դրամ։