ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ․
«Ինչպես հայտնի է՝ 2018 սեպտեմբերի 11-ին համացանցի միջոցով տարածվել է գաղտնալսված հեռախոսային խոսակցություն, որը լույս է սփռում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քննվող քրեական գործի, և, մասնավորապես, նրա կալանավորման գործընթացների ստվերային կողմի վրա։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից մանրակրկիտ կերպով ուսումնասիրվել են ինչպես հեռախոսային խոսակցություններ պարունակող նյութը, այնպես էլ այդ նյութի բովանդակության առնչություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձանց մեկնաբանությունները։ Կատարված ուսումնասիրությունները մեզ այժմ հիմք են տալիս պնդելու, որ քրեական գործի քննությանը, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում, թույլ են տվել նրա իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն անհրաժեշտ են համարում հետևյալ իրողությունները՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների վերաբերյալ նրանց կողմից ասուլիսի ժամանակ տրված պարզաբանումներից հստակ երևում է, որ այդ ձայնագրութան բովանդակությունն ամբողջությամբ իրական է, այսինքն կեղծված կամ մոտնաժված չէ։ Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորման հարցը քննող Առաջին ատյանի դատարանի դատավորն իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ։ Այդ մասին են վկայում ԱԱԾ տնօրենի հետևյալ արտահայտությունը՝ «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա։ Ասեցի մի հատ նայի սաղ գործը»։ Հատկանշական է ԱԱԾ տնօրենի արհարմարհական վերաբերմունքը Առաջին ատյանի դատարանի դատավորի հանդեպ, որը դրսևորվել է հետևյալ նախադասության մեջ՝ «Մի խոսքով դատավորը, ով որ պիտի կալանքը տա, դրան ասել եմ «դուխով», դա՝ մի հատ հիմքերը, պրոստը, նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ, զեկուցեմ»։
Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ ՀՀ ԱԱԾ տնօրենը անձի կալանավորման վերաբերյալ, ուղղակի, ցուցում է տվել Առաջին ատյանի դատարանի դատավորին։ Այդ մասին է վկայում հետևալ արտահայտությունը։ «Ասի՝ նայի հիմքերը՝ կզանգես, բայց կալանքը, ուզես-չուզես, պիտի տաս»։
Հաջորդը՝ ուշադրության է արժանի հետևյալ հատվածը՝ «Գնա վարչապետի հետ խոսա էլի, ընգեր, որովհետև ես խնդրել եմ՝ տանեմ կալանքի»։
Ասվածից երևում է, որ վարչապետը նույնպես ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակից է եղել այս գործով կիրառվելիք խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Խոսակցությունների բովանդակությունից պարզ է դառնում, որ կալանավորումը կիրառվում է ոչ թե օրինական նպատակով՝ անձի փախուստը, քննությանը խոչընդոտելը կամ հանցանք կատարելը կանխելու համար, այլ այն նպատակով, որ անձին ստիպեն ցուցմունք տալ իր կամ գործով անցնող մեկ այլ անձի դեմ։
Այդ մասին է վկայում ՀՔԾ պետի հետևյալ արտահայտությունը՝ «Հա, հա ընգեր, էսի կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկսեն գրել»։
Հետագայում այս խոսակցությունների վերաբերյլալ արված հրապարակային արտահայտությունների ժամանակ այդ խոսակցությանը առնչվող պաշտոնատար անձանց կողմից տրվում են այնպիսի պարզաբանումներ, որոնք իրենց էությամբ ոչ պակաս կարևոր տեղեկատվություն են պարունակում կատարված անօրինականությունների վերաբերյալ։ Մասնավորապես՝ մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ տնօրենը ժխտեց սույն գործի առնչությամբ իր և Առաջին ատյանի դատարանի դատավորի միջև հեռախոսային խոսակցությունը։ Դատավոր Վաչե Մարգարյանը, ով կալանավորել էր Ռոբերտ Քոչարյանին, նույնպես հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ, որտեղ ժխտեց իր և ԱԱծ տնօրենի միջև խոսակցության փաստը։ Այնինչ՝ վարչապետը ՀՀ ԱԺ-ում ձայնագրության հետ կապված պարզաբանման մեջ նշել է՝ «Ստացել եմ զանգեր ԱԱԾ տնօրենից, որ հիմա էլ դատական համակարգն ա տրիվոգա դրել։ Տարբեր բաներ են ասում՝ ընդհուպ՝ ասում են գործը ջուր ա, բան չկա տակը։ Ես էլի զանգել եմ ՀՔԾ պետին, ասել եմ՝ ասում են ահազանգ կա, չգիտեմ ինչ դատավոր զանգել ա՝ թե չգիտեմ, անկեղծ ասած, մինչև հիմա զանգել ա, չգիտեմ՝ էդ կոմունիկացիան ոնց ա եղել։ Ասել եմ՝ ասում են լավը չի գործը, պինդ չի, ասել են՝ գիտեք՝ մենք քննչական մարմին ենք, գիտենք՝ ինչ ենք անում»։ վարչապետի ելույթի այդ հատվածում ուղղակիորեն հաստատվում են այն փաստերը, որ դատավորը, նախքան կալանավորման որոշումը կայացնելը, իր գործողությունները համաձայնեցրել է քրեական հետապնդման մարմինների ղեկավարների հետ, ինչը ոչ պակաս կարևոր է։ Այսինքն՝ Առաջին ատյանի դատարանի դատավորը, ով կալանավորել է Ռոբերտ Քոչարյանին, ունեցել է այն համոզմունքը, որ մեղադրանքը հիմնավորված չէ, և իր մտահոգությունը հասցրել է երկրի բարձրագույն իշխանությանը, որին հետևել է՝ «կալանքը ուզես-չուզես՝ պտի տաս»։
Ասվածից պարզ է դառնում, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է ոչ օրինական քրեական հետապնդում, իսկ նրա կալանավորման գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատություններ պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի աննախադեպ խախտումներով։ Հաստատվել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ամենահոռետեսական մտավախություններտը՝ կապված սույն գործի ընթացքը ուղղորդված լինելու, և դրա ելքը ի սկզբանե կանխորոշված լինելու վերաբերյալ։
Մտահոգություն է առաջացնում նաև այն հանգամանքը, որ հանրության մեջ սերմանվում է այն մոտեցումը, որ կան անձինք, ում իրավունքներ կարելի է խախտել, իսկ այդպիսի անձանց խախտած իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողությունները դիտարկվում են որպես դավաճանություն, դիվերսիա։ Այդ անձինք պիտակավորվում են «սևեր» և նրանց շուրջ փորձում են ձևավորվել անհադուրժողականության մթնոլորտ։ Նույն մեթոդներով փորձ է արվում ճնշումներ կատարել դատական համակարգի վրա։ Իսկ ԲԴԽ-ն չի փորձում պաշտպանել դատավորների անկախությունը հենց այս փուլում, երբ դրա դեմ գործողությունները հասել են գագաթնակետին։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմում են բոլոր պատկան մարիմիններին սույն մատնանշված փաստերին համարժեք իրավական գնահատականներ տալու և հետագայում նմանօրինակ իրավիճակները բացառելու կոչով»։