«Փաստացի գործողություններն ընդունում է, որ ինքն է կատարել, բայց մեղադրանքը չի ընդունում, քանի որ համաձայն չէ իրավական որակումների հետ։ Խոսքն այն մասին է, որ 218 հոդվածում նշված՝ պատանդ վերցնել եզրույթն, ունի խրախուսողական նորմ, որը նախատեսված է մյուս հոդվածի 4-րդ մասով, այն է՝ եթե անձը կամովին ազատ է արձակում պատանդին և հրաժարվում է իր պահանջից, ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը այլ հանցակազմ չի պարունակում։ Արթուր Թորոսյանը գտնում է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց հունվարի 23-ին «Էրեբունի պլազա» ներխուժած Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ նշելով, որ պաշտպանական կողմը առաջիկա աշխատանքային օրերին բողոքարկելու է կալանքի որոշումը։
Հարցին՝ ի՞նչ է պատճառաբանել Արթուր Թորոսյանը շենք ներխուժելու հետ կապված, փաստաբանն ասաց, որ դրա վերաբերյալ իր պաշտպանյալը ցուցմունք է տվել, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով՝ բովանդակությունն այս փուլում չի կարող հայտնել։ Փաստաբանի խոսքով՝ Թորոսյանը Քոչարյանի հետ հանդիպում չի պահանջել։
Անդրադառնալով տեղեկություններին, թե Արթուր Թորոսյանը եղել է Քոչարյանի աջակիցը, ինչպես նաև աշխատել է Քոչարյանի գրասենյակում և գնացել է «Էրեբունի պլազա» աշխատավարձ ուզելու՝ պաշտպանը նկատեց․ «Ժամանակին ինքը իր ֆեյսբուքյան էջում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից է եղել, սակայն նշել է, որ երկար ժամանակ չի օգտագործել այն։ Ինչ վերաբերում է աշխատավարձ ուզելուն՝ նման բովանդակության ցուցմունք չի տվել։ Ինքը գրասենյակի տեղը չի հարցրել, իմացել է, որ այն գտնվում է «Էրեբունի պլազայի» տարածքում, բայց հստակ տեղը չի իմացել»,- նշեց նա։
Դիտարկմանը՝ այսինքն ուզում է ասել, որ միջադեպը կապ չի՞ ունեցել Քոչարյանի հետ՝ Աղաջանյանը նշեց, որ կապ ունեցել է Քոչարյանի գրասենյակի հետ․ «Արթուր Թորոսյանը ցանկացել է հանդիպել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, բայց նախկինում նրանցից ոչ ոքի հետ ծանոթ չի եղել և որևէ ձևով չի առնչվել»։
Պաշտպանը նշեց, որ գործի շրջանակում այլ անձինք ևս հարցաքննվել են, բայց ներկա փուլում, քանի որ նախաքննությունը շարունակվում է, պաշտպանական կողմին չի տրամադրվել այդ անձանց հարցաքննության արձանագրությունը։ Նաև հավելեց՝ այս պահին չեն կարող ներկայացնել հարցաքննված անձանց անունները։
Խոսելով զենքի մասին, որով Թորոսյանը ներխուժել էր շենք՝ փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն այն ձեռք է բերել հունվարի 7-8-ը օրինական ճանապարհով՝ Երևանի որսորդական խանութներից մեկից․ «Ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, որի համար տրամադրել են»,- ասաց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ «Էրեբունի պլազան» պատկանում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այստեղ են գտնվում վերջինիս գրասենյակն ու նրան պատկանող լրատվականները։
Սոնա Հարությունյան