ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված pպարկուճների և գործարանում առգրավված զենքերի հետ համընկում չկա»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու հոդվածով:
Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Հենրիկ Աբրահամյանը ապօրինի կերպով պահել է հրազեն հանդիսացող, գործարանային արտադրության 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված մեկ հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող' ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։