Նախնական օպերատիվ աշխատանքի արդյունքում վարկած կա, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից հայտնաբերված զենքերը հանցավոր առնչություն ունեն 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ։
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Սակայն դա դեռ վարկած է, որը պետք է ստուգվի։ Արդյունքները պարզ կլինեն փորձաքննության տվյալներից հետո»,- ասաց Վանեցյանը:
ՀՀ ԱԱԾ տնօրենը մանրամասնեց, որ իրենք հայտնաբերել են զենքեր, որոնք կարող են օգտագործված լինել մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների ժամանակ անձանց կողմից, ովքեր չեն եղել որևէ իրավապահ համակարգի ներկայացուցիչ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված' ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Ստացված տվյալների հիման վրա 2018թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում' 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալվել են Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը' Հենրիկ Աբրահամյանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ հատուկ քննչական ծառայությունը համատեղ իրականացնում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ' ստուգելու համար խուզարկությամբ հայտնաբերված զենքերի ձեռքբերման աղբյուրները և դրանց' 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին գործադրված լինելու հանգամանքը: Նախաքննությունը շարունակվում է: