«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունը` «Արտֆուդ»-ը, հայտնվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: Նման պահանջով ՀՀ գնումների բողոքարկման խորհրդին է դիմել պաշտպանության նախարարությունը. արդյունքում, ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, «Արտֆուդ» ընկերությունը 2 տարի շարունակ հնարավորություն չի ունենա որպես մատակարար մասնակցելու պետական գնումների գործընթացին:
Կատարվածն ուշագրավ է այն առումով, որ «Արտֆուդ»-ը պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին: Հետո, ըստ շրջանառվող լուրերի, Աբրահամյանն իրեն պատկանող բաժնետոմսերը վաճառեց: Հատկանշական է փաստը, որ քանի դեռ Աբրահամյանն ու Կարապետյանը բարձրաստիճան պաշտոնյաներ էին, այս ընկերությունը պետական գնումներին մասնակցելու հարցում չուներ որեւէ խոչընդոտ: Մինչդեռ հիմա, ընդհակառակը, «Արտֆուդ»-ի առաջ սկսել են փակվել դռները, այն էլ նոր կառավարության օրոք: Հիշեցնենք՝ ընկերության սեփականատերերի պաշտոնանկությունից հետո «Արտֆուդ»-ը կրկին խնդիրների առաջ էր հայտնվել: