«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նախօրեին Հայկ Մարտիրոսյանը, համաձայն սեփական դիմումի, ազատվել է ՀՀ վարչապետի ավագ օգնականի պաշտոնից: Այս լուրը ուշագրավ էր մի քանի իմաստով.

 

Հայկ Մարտիրոսյանն ընդամենը մեկ ամիս առաջ էր նշանակվել վարչապետի ավագ օգնական՝ 2016 թվականի մարտի 11-ին, ուստի անհասկանալի է, թե ինչու այդքան կարճ ժամանակ հետո որոշեց լքել պաշտոնը: Բացի այդ՝ ստացվում է, որ կա՛մ վարչապետն է առանց իր համատեղելիությունը հաշվի առնելու նշանակում կատարել, կա՛մ էլ Հայկ Մարտիրոսյանն է նույն հանգամանքն անտեսել:

 

Նկատի ունենալով Հայկ Մարտիրոսյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու ընդգծված ազգային նկարագիրը, ինչպես նաև արտասահմանում ստացած լուրջ կրթությունը, թերևս կարելի էր կանխատեսել, որ նա երկար չի դիմանա հայրենի կառավարության ներսում առկա բարքերին և կադրերին: Գրագետ, կրթված տեսակը պահանջարկ չունի մեր օրերում: Իսկ թե ինչը ստիպեց Ֆրանսիայում և ԱՄՆ-ում երկար տարիներ բնակված Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտորին հրաժարականի դիմում ներկայացնել՝ «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես պարզել չհաջողվեց:

 

Մարտիրոսյանն ասաց, թե այդ թեմայով առայժմ մեկնաբանություն չունի: Ամեն դեպքում՝ ինչ էլ որ լինի պատճառը, Մարտիրոսյանի հրաժարականը վնասում է նախ և առաջ վարչապետի հեղինակությանը: Նման կադրերին պետք է փայփայել և հրապարակ տրամադրել, ոչ թե անլրջորեն աշխատանքի ընդունել, իսկ դիմում ստանալուն պես ազատել աշխատանքից»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: