«Ֆիլիպինների նախագահը քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա»,- լուրի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Գրառումից հետո մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ կամ, պարզապես, սովորական քաղաքացիներ սկսեցին ակտիվ մեկնաբանություններ թողնել։ Ոմանք ողջունում են գաղափարը, ոմանք հարց ուղղում ԱԺ փոխնախագահին, թե Հայաստանո՞ւմ էլ սպասեն նման օրենքի։ Որոշներն էլ սկսեցին հիշատակել իշխանափոխությունից հետո յուղոտ պաշտոններ ստացած և կոռուպցիայի մեջ թաթախված պաշտոնյաներին։
Օրինակ, թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նկատում է․ «Հայաստանում էլ ընդունեք, մեկ է սովոր եք տարօրինակ օրենքներ ընդունելուն։ Այդ օրենքը ընդունելու հաջորդ օրը Հայաստանում կենդանի պաշտոնյա չի մնա»,- գրել է նա։
Իսկ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, դիմելով Ալեն Սիմոնյանին, ակնարկում է նոր իշխանության պաշտոնյաներից մեկին, ով օրեր առաջ կալանավորվեց հենց կաշառքի համար․ «Բայց մեղք են տղերքը, ջահել են: Օրինակ, Լոռեցյանն, ընդամենը, 25 տարեկան է»։ Նկատենք, որ Կարեն Քոչարյանը նկատի ունի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանին, որին ԱԱԾ-ն կալանավորեց լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ մեկ միլիոն դրամ կաշառք ստանալու համար։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ այսպես է մեկնաբանել․ «Դե, ումի՞ց ենք սկսում, առողջապահության փոխնախարարից, թե՞ սպորտի»։ Վերջինս էլ նկատի ունի ամիսներ առաջ կալանավորված Առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին, որը մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու» մեջ։ ԱԱԾ աշխատակիցները նրան ձերբակալել էին հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու պահին։
Հետաքրքիր է՝ ի՞նչ է ակնարկում ԱԺ փոխնախագահը այս գրառումով։ Գուցե հանրության արձագանքն է ուզում իմանալ, որպեսզի հասկանա՝ արժի՞ օրենք ընդունել, թե ոչ։