«Ճիշտ է, երկրում իրավիճակ է փոխվել և երկրի ղեկավարն էլ իմ մտերիմն է, բայց ոչինչ չեմ ուզում անել, ուզում ենք հանգիստ ապրել»,-այս մասին ԼՈՒՐԵՐcom-ի հետ զրույցում ասաց Սարի թաղում 2016թ հուլիսի 30-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների հետեւանքով աչքը կորցրած Սայադի հայրը՝ Ռոմա Հարությունյանը, անդրադառնալով որդու դատական գործի ընթացքին:
Ըստ Ռոմա Հարությունյանի, դատական գործին ընթացք չտալու պատճառը մեկն է՝ «Եթե իրոք ցանկացողներ լինեն, անպայման կբացահայտվի, որ չկան՝ չկա»:
«Հիմա տղես բարձրագույն է սովորում ու անվճար, ինձ ոչ մի դատ կամ բացահայտում էլ պետք չի, մենք մեզ համար ապրում ենք»,-մանրամասնեց Ռոմա Հարությունյանը:
Նշենք, որ Սայադն այդպես էլ չկարողացավ բուժում ստանալ արտասահմանում, քանի որ ակնախոռոչում ներվային համակարգ չկար, իսկ բուժումն այդ դեպքում դառնում է ապարդյուն։
Հիշեցնենք, որ Սայադը Վարդենիսի Շատվան գյուղից է և դեռ 2016թ. 11-րդ դասարանում էր սովորում։ Վերջինս հուլիսի 30-ին Երեւան էր եկել՝ ծննդյան օրվան պատրաստվելու առիթով։ Ըստ նրա հոր՝ նա բողոքի ակցիաներով, ցույցերով ու երթերով երբեք չի հետաքրքրվել։ Սարի թաղում հորեղբայրն է ապրում, որոշել էր հորեղբոր որդուն այցելել, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով ցույցի մասնակիցների հետ է բարձրացել։ Հորեղբոր տան փողոցը շփոթել ու մնացել է երթի մեջ։
Ոստիկանների հետ բախումներից տուժած 16-ամյա Սայադ Հարությունյանի ձախ աչքը հեռացրել էին։
Արմինե Միքայելյան