ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է դատախազության շենքի դիմաց նստացույց իրականացնողներին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Սարի թաղի հուլիսի 19-ին ծավալված հայտնի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված 10 բանտարկյալների հարազատները:
Կալանավորված Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բեռնեցյանը նշեց, որ դատախազը գործով կալանավորված Հարություն Թորոսյանի, Արմեն Ադամյանի, Ժորա Ավետիսյանի գործերը ձեռքին մոտեցել է իրենց. «Հավանական է երեք տղաներին ստորագրությամբ բաց թողնեն այն պարագայում, եթե իրենց մեղավորությունը ընդունեն և զղջան: Իսկ մնացած յոթ տղաների ճակատագիրը անհայտ է»,- ասաց նա՝ հավելելով՝ քանի որ մյուսների գործերը քննված չէին, նրանց գործերի հետ կապված պատասխանը կասեն երկուշաբթի:
Նրանք շարունակում են նստացույցը՝ պահանջով՝ 316-ի 2-րդ մասը փոխարինել 1-ով, պայմանական ազատ ազատել գործով կալանավորված 10 բանտարկյալներին:
Նշենք, որ մարտի 28-ին Սարի թաղի գործով կալանավորված 10 բանտարկյալների հարազատները նստացույց էին հայտարարել: Կալանավորվածների հարազատները պնդում են՝ նրանք ընդամենը պահանջել են, որ իրենց հոսանքն ու ջուրը միացնեն և բացեն փակ ճանապարհները:
Հիշեցնենք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Էդուարդ Զեյթունյանը, Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Կարեն Վանոյանը 2016թ. հուլիսի 19-ին Մովսես Խորենացի փողոցին հարող փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Սոնա Հարությունյան