Ինչպես տեղեկացրել էինք, Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կրքերը չեն հանդարտվում։
Բնակիչներն այսօր գնացել են համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի մոտ և պահանջել, որ հրաժարվի համայնքապետի պաշտոնից, սակայն համաձայնության չգալով՝ բողոքի ցույցերը շարունակել են և փակել դեպի Վրաստան տանող ավտոճանապարհը: Նրանք նշում են, որ մինչև Մարտիրոսյանը հրաժարական չտա՝ չեն պատրաստվում հեռանալ:
ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում համայքնապետ Ժորա Մարտիրոսյանը այդ ցույցերը շինծու որակեց, նշելով, որ դրանք կազմակերպված են մի քանի անհատների կողմից։
Հարցին՝ ի՞նչպես է տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը՝ Մարտիրոսյանը պատասխանեց․
«Ես հրաժարակն չեմ տալու։ Կանցնի 3 տարի, նորից ընտրություններ կլինեն, իրենց ցանկացած մարդը կլինի։ Ես արդեն 11 տարի է՝ այստեղ եմ ու բարեխիղճ եմ աշխատել։ Իմ հեռանալը պետք է արժանապատիվ ձևով լինի։ Կրկնում եմ՝ հրաժարական չե՛մ տալու»։
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մարզպետն այդտեղ օրենքի տեսնակյունից անելիք չունի։
«Ճանապարհը փակելու հետ կապված՝ ժողովրդի հետ անընդհատ պայմանավորվում ենք, բայց ժողովուրդը չի հանդարտվում։ Այս պահին էլ գնում ենք, տեսնենք՝ ինչ կարող ենք անել։ Մարզպետարանը ոչ մի ձևով միջամտելու հնարավորություն չունի»: