«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Սերժ Սարգսյանի իշխանության օրոք գործած քայլերի հետեւանքները դեռ դառնորեն զգացնել են տալիս նրա հեռանալուց անգամ 5 ամիս անց: Հոկտեմբերի 4-ից Հայաստանի քաղաքացիների կողմից ներկրված աջ ղեկով 130-ից ավելի մեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին:
Հիշո՞ւմ եք՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք որոշում կայացվեց աջ ղեկով մեքենաների ներկրումն արգելել: Երբ աղմուկ բարձրացավ, օրենքում որոշակի փոփոխություններ արվեցին՝ սահմանելով, որ 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելվում Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, իսկ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չէր արգելվում երկրի ներսում
ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում 61 կողմ ձայնով ընդունվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Թվում էր, թե խնդիրը կարգավորված է, բայց պարզվում է՝ ՀՀԿ-ն' իր ոճին հավատարիմ, քաղաքացիների թիկունքում դավեր է նյութել, եւ օրենքի նախագծի' երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվելու ժամանակ փոփոխություն է կատարվել եւ հանվել է նախագծից «ժամանակավոր» բառը:
Օրենքը մարտի 16-ին ստորագրվել է ՀՀ այլեւս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, որի համաձայն' ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումը ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Սա ոչ այլ ինչ է, քան խաբեություն. Կառավարությունը, օրենսդիր մարմինը գործել են հասարակության թիկունքում՝ մարդկանց չտեղեկացնելով կատարված այդքան կարեւոր փոփոխության մասին:
Ինչ խոսք, դա ՀՀԿ-ին հատուկ ձեռագիր է: Բայց այս իրավիճակում տարակուսելի է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պահվածքը, որը կոորդինացնում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
1 ամիս 13 օր է' ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները «գերի են մնացել» սահմանին, որոշ վարորդներ մինչեւ 800 ԱՄՆ դոլար արդեն տուգանք են մուծել այնտեղ կայանելու համար, բայց ՀՀ կառավարությունը խնդրին լուծում չի տալիս: Սա էլ անպատասխանատվության այլ դրսեւորում է:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: