ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հետ կանչելու հարցով քննարկումները շարունակվում են: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Շարունակվում են քննարկումներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն համատեքստում, որովհետև նման իրավիճակներ կարող են ի հայտ գալ հետագայում, կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների: Հայաստանն արել է ամեն ինչ, որպեսզի մեր ներքաղաքական հարցերը չազդեն ՀԱՊԿ-ի վրա: ՀԱՊԿ հեղինակությունը Հայաստանի համար այնքան կարևոր է, որքան կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկրի համար»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու համար: