«Հրապարակ» թերթը գրում է.
Սարգսյանների եւ Փաշինյանների հարեւանության ավարտը մոտ է․ ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։ Բայց այս ընթացքում նախկին եւ ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։
Մեզ պատմեցին, որ հարեւան առանձնատները նաեւ ընդհանուր բակ ունեն, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու հարմարություն, խոհանոցի նման մի բան, սառնարան եւ այլն։
Տիկին Ռիտան, Ղարաբաղից մնացած սովորույթի համաձայն, մեծ քանակով նռան հյութ է քամում, լցնում է շշերի մեջ եւ պահում սառնարանում։ Մի օր ապագա քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը բացօթյա հատվածում երկար նստած՝ զրուցելիս են լինում, եւ, հավանաբար, սիրտները հյութ է ուզում՝ սառնարանում հայտնաբերում են տիկին Ռիտայի քամած նռան հյութերն ու 11 շշից 9-ը խմում։