Հոկտեմբերի 21-ին Արմավիրում տեղի են ունեցել քաղաքապետի արտահերթ ընտրություններ, որտեղ առաջադրված են եղել 4 թեկնածուներ՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խուդաթյանը, անկուսակցական Ժիրայր Աբրահամյանը, Օհան Հարությունյանն ու Սևակ Մինասյանը։ Ձայների զգալի տարբերությամբ քաղաքապետ է ընտրվել Դավիթ Խուդաթյանը, որին, ի դեպ, աջակցում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից Սևակ Մինասյանը, ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում խոսելով իր պարտությունից, ասաց․«Նիկոլ Փաշինյանը մարդկանց մատնացույց է արել, ուղղորդել է, որ ընտրվի Դավիթ Խուդաթյանը։ Ամբողջ հանրապետությունում այդ իրավիճակն էր»։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն, ի աջակցություն Դավթի Խուդաթյանի՝ այցելել էր Արմավիր։ Ի պատասխան այդ աջակցության՝ Սևակ Մինասյանի համակիրները հակընդդեմ ակցիա են իրականացրել՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ վանկարկելով Սևակ Մինասյանի անուն ազգանունը (տեսանյութը՝ ստորև):
«Ժողովրդի մեծամասնությունը ընտրել է Դավիթին, նա կաշխատի, կարդարացնի ընտրողների հույսերը։ Մինչև ընտրություններն ասել եմ՝ կարևոր չէ՝ ժողովուրդը ում կընտրի, կարևորը արդար ընտրություններն են, իսկ արդարության վրա վստահ ենք։ Նախկինում դա մեր խնդիրն է եղել այս քաղաքում, իսկ նախկինի հետ անհամեմատելի լավ ընտրություններ են եղել»,-ի պատասխան այս միջադեպի վերաբերյալ մեր դիտարկմանը՝ ասաց Մինասյանը։
Չնայած իր պարտությանը՝ Մինասյանը պատրաստվում է շնորհավորել Դավիթ Խուդաթյանին՝ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ․ «Անպայման կշնորհավորեմ»,-ասաց նա։
Քաղաքականության մեջ հետագա անելիքներին և իր ընտրազանգվածի հույսերն արդարացնելու վերաբերյալ Մինասյանն ասաց․ «Ապագայում չեմ պատրաստվում քաղաքականության հետ կապված որևէ բան անել։ Պաշտոնյա չլինելով էլ կարող եմ ժողովրդի խնդիրները լուծել․ մինչև հիմա լուծել ենք հիմա էլ կլուծենք։ Աջակցել ենք՝ ինչով կարողացել ենք»։