Դեկտեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններում Արմավիրի մարզի Արմավիր համայնքի քաղաքապետի միակ թեկնածուն գործող քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է։
«Արմավիր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլ ուժեր չեն առաջադրվել, հետևաբար համայնքի ղեկավարի միակ թեկնածուն ես եմ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ, ՔՊ թեկնածու Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ սա մեծ պատասխանատվություն է իր և իր քաղաքական թիմի համար:
Հարցին՝ այս դեպքում ինչպե՞ս է պատկերացնում պայքարը, հատկապես, որ միակ թեկնածուն է՝ Խուդաթյանը պատասխանեց․ «Մեր պլաններում մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, իրականացնելու ենք քարոզարշավ բոլոր համայնքներում, փորձելու ենք հնարավորինս շատ մարդկանց ներկայացնել մեր ծրագիրը, լսել, հավաքել նոր գաղափարներ և դեկտեմբերի 5-ին գնալ ընտրության»,-նշեց քաղաքապետի թեկնածուն:
Իսկ, թե ո՞րն է պատճառը, որ այլ ուժեր չեն առաջադրել իրենց թեկնածուին, Խուդաթյանի կարծիքով բոլորի համար պարզ է։ Դիտարկմանը՝ նկատի ունի, որ չէի՞ն կարող հաղթել իրեն և որտեղի՞ց այդքան վստահություն, չցանկացավ մեկնաբանել:
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 38 խոշորացված համայնքներում ընտրություններ տեղի կունենան, որոնցից 36-ում' կուսակցական ցուցակներով, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։
Հիշեցնենք, որ Խուդաթյանը Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2018-ին։
Սոնա Հարությունյան