Այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստանում նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ: Վանաձորում արդեն իսկ շոշափվում են թեկնածուների անուններ: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Քաղաքացիական պայմանագիրը» քաղաքապետի 3 հավանական թեկնածու ունի, որոնցից պետք է ընտրություն կատարի։ Առաջինն Արկադի Փելեշյանն է՝ հայտնի Ական, որը Վանաձորի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով։ Մյուս թեկնածուն Վանաձորում գործող «Արփի» տաքսի ծառայության սեփականատեր Մանվել Ոփյանն է, ով Վանաձորի պետական համալսարանի դասախոս է, պատմական գիտությունների թեկնածու։ ՔՊ-ի 3-րդ հավանական թեկնածուն գործող մարզպետ Արամ Խաչատրյանն է։
Փելեշյանը ԱԺ փոխնախագահ Էդվարդ Շարմազանովի սանիկն է, նաեւ հայտնի ռեժիսոր, վավերագրող, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի բարեկամն է Փելեշյանը նոր մարդ չէ համայնքապետարանում եւ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք նույնպես ավագանու անդամ է եղել: Փելեշյանը սակայն ունի կիսաքրեական համբավ Վանաձորում: Դեռևս 2017 թվականին «Հայկական Վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Մոտ 15 հոգու ուղեկցությամբ Փելեշյանը մտել է Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծի ենթարկել վերջինիս:
Իր հերթին ՔՊ-ական գործող մարզպետը մինչ օրս ոչնչով աչքի չի ընկել: Արամ Խաչատրյանը Լոռու մարզպետ նշանակվեց անցած տարեվերջին՝ հին կադրերով կառավարության «ռեսթարթ» անելու շրջանակներում։ Նախկինում փոխմարզպետ էր, հետո էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր։ Իսկ նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն էլ հեռացավ, որովհետև չէր կարողանում ճնշել տեղի բողոքի ալիքը և արդեն իսկ հասցրել էր հայտնվել սկանդալների կենտրոնում: Սակայն, նորանշանակ մարզպետն էլ ոչ պակաս սկանդալային դեմք է: Դիցուք՝ մարզպետը չի ցանկանում խոսել իր կնոջ դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո Լոռու մարզպետարանում գործող կրթության, մշակույթի և առողջապահության ոլորտների երեք հիմնադրամներն էլ հայտնվել էին ոստիկանության ուշադրության կենտրոնում։
Ակնհայտ է, որ ում էլ ի վերջո ընտրի ՔՊ-ն, իշխանության գլխավոր մրցակիցը լինելու է Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ով, ըստ շրջանառվող լուրերի, ընտրություններին կմասնակցի կամ միայնակ, կամ էլ իր կողմից ստեղծվող «Վերածնվող Վանաձոր» կուսակցության հետ: