Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում ՏԻՄ ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող 28699 քաղաքացիներից  ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է1849 քաղաքացի։ 

Արմավիրի Իմ Քայլը դաշինքի թեկնածու Դավիթ Խուդաթյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ ընտրողների պասիվությունը ենթադրելի է։

 

«Կարծում եմ, այս պասիվությունը կապված է նաև առավոտյան ժամի հետ։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ հանգիստ է ընթանում, ինչը նաև իմ անձի հետ է կապված։ Հուսամ՝ մինչև երեկո պատկերը կփոփոխվի»,- մանրամասնեց Դավիթ Խուդաթյանը։ 

Իմ Քայլը դաշինքի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ այս ընտրությունը էականորեն տարբերվում է նախորդ ընտրություններից, քանի որ չկան վատ բարքեր և ոչ ոք ընտրողներին հարկադրաբար չի տանում ընտրատեղամասեր․«Մենք նախընտրական քարոզարշավների ժամանակ շատ ենք զրուցել մեր քաղաքացիների հետ և նրանք համոզվել են, որ արդեն ամեն ինչ արդար քվեի շնորհիվ է որոշվում»։

Խուդաթյանը, սակայն չցանկացավ խոսել ընտրությունների արդյունքների մասին, քանի որ «գեղեցիկ չի լինի»։ 

«Իմ ամբողջ հույսը իմ ժողովրդի արդար քվեն է, ես միայն ուրախ կլինեմ, երբ որ երեկոյան 20։00-ից հետո պարզ լինի, որ ես եմ հաղթել այս ընտրություններում, իսկ տրամադրությունս շատ բարձր է։ Հուսամ, որ ամեն ինչ հանգիստ կանցնի մեր քաղաքում»,-հավելեց Արմավիրի Իմ Քայլը դաշինքի թեկնածու Դավիթ Խուդաթյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 9 մարզերի 49 համայնքներում հոկտեմբերի անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքներից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: