Հոկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Հրազդանում, որտեղ իր թեկնածությունն է դրել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը:
25-ամյա թեկնածուն զավեշտալի կենսագրություն է հրապարակել, ուր նշվում է միայն իր թերի բարձրագույն կրթությունը, այնուհետև որպես առավելություն ներառված է քաղաքական ակցիաներին իր ներգրավվածությունը, ապա այն, որ «քաղաքապետացուն» զբաղվում է լողով. ընկերական մրցաշարում առանց դադարի լողալով հաղթահարել է 6 կմ տարածություն:
Սևակ Միքայելյանի ներկայացրած կենսագրությունը համացանցային տիրույթում բավականին լայն քննարկվեց և քննադատվեց։ Մարդիկ հարցնում են, արդյո՞ք մեր երազած քաղաքապետի համար կարևոր կենսագրական տվյալ է իր՝ քաղաքական ակցիաներին մասնակցությունը կամ 6 կմ լողալու հմտությունը։
ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց Սևակ Միքայելյանի հետ, ով տալով հակասական պատասխաններ՝ թերևս փաստեց, որ «դատարկ» կենսագրություն ունի և պարզապես այն չի կեղծել։
-Ձեր կենսագրությունը լիարժե՞ք է ներկայացված:
-Այո՛, ներկայացված է ամբողջական, կարճ և համառոտ։
- Ձեր կենսագրությունում 2008 թվականից հետո ներկայացված է միայն ակցիաների մասնակցությունը։ Մանրուք չէ՞ բողոքի ակցիաներին մասնակցած լինելը կենսագրական տվյալներում ներառելը։
-Դե, գիտեք՝ ես չեմ ցանկացել ամեն մանրուք նշել կենսագրությանս հետ կապված։ Ակցիաների մենք միշտ մասնակցել ենք, մենք միշտ պայքարել ենք, միշտ ակտիվ ենք եղել։ Դեմ ենք եղել նախկին ռեժիմին, դրա համար էլ նշել եմ։ Մեր թիմի հանդեպ, մեր նկատմամբ՝ միշտ ճնշում է եղել։
Հարցին՝ ո՞րն է եղել դրդապատճառը կենսագրականում այդ տիպի մանրամասներ ներկայացնելու՝ Միքայելյանը չպատասխանեց։
Արմինե Արմենակյան