«Այսօր բոլոր քննիչների գործը կրկնակի ավելացել է. քննիչներ կան, որ իրենց վարույթում միանգամից քսան գործ են քննում»: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դատարանները համատարած կիրառում են գրավ և մարդկանց կալանքից ազատ են արձակում։ Փաշինյանն անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, որ մարդկանց բռնում և գրավի դիմաց բաց են թողնում ինչ- որ պայմանավորվածությունների արդյունքում։
«Ես որևէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին. ոչ թե նրա համար որ չեմ կարող, այլ որովհետև ես պարտավորվել եմ ժողովրդի առաջ»,-ասաց Փաշինյանը։
Փաշինյանն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկներում քնելու տեղերին։
«Ես՝ որպես քրեակատարողական հիմնարկներում բավարար ժամանակ անցկացրած մարդ՝ կարող եմ ասել, որ քրեկան էլիտան իշխանության հետ կապ է ունեցել։ Քնելու տեղ չունենալը փող է, թե ով ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա, քնելու տեղ ունենալը լավ տղու բազար է, և ընդհանրապես, ով է ճշտի իշխանությանը ավելի շատ ծառայում, նա էլ քնելու տեղ կունենա»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկները Հայաստանում եղել են ամենախոշոր բիզնեսը։
«Դատապարտյալը հենց մտնում է քրեկատարողական հիմնարկի դռնից ներս՝ աշխատում են հնարավորինս շատ փող նրանից վերցնել՝ կլինի դա ղումարի տեսքով, թե այլ ձևով։ Մարդիկ տներ են ծախում, որ քրեկատարողական հիմնարկում ունեցած իրենց պարտքերը փակեն։ Դրա համար՝ ինչքան շատ կալանավոր լինի, այդքան շատ փող կվերցնեն»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ այս մաֆիոզ կառույցի մի մասը այսօր էլ քրեակատարողական հիմնարկներում պաշտոն են զբաղեցնում։ Փաշինյանը հավելեց նաև, որ եթե ինքը դատական համակարգին հրահանգներ չի տալիս, չի բացառում, որ պետական ապարատում կլինեն մարդիկ, ովքեր կտան հրահանգներ։
«Ես չեմ բացառում, որ այդ հրահանգները կարող են ստանալ և այսօրվա իշխանության որևէ օղակներից, չեմ բացառում, որ կարող են ստանալ նախորդ իշխանությունների որոշ օղակներից»,-ասաց Փաշինյանը։