Վերջերս ԼՈՒՐԵՐ.com-ն անդրադարձել էրպաշտոնյայի որդուն՝ հեղափոխության ակտիվիստների դեմ ձվերով կռիվների և մահվան ելքով ավտովթարի մասնակից Ռոբերտ Աբրահամյանին, որը Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ Արտեմ Աբրահամյանի՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերոջ որդին է։

ՀՀ Քննչական կոմիտե դիմած մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ստացել ենք այն, որ տվյալ վթարը տեղի է ունեցել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ 39-ամյա Էդուարդ Ղևոնդյանի մեղավորությամբ, և հենց այդ հիմքով էլ կարճել են գործը:

 

Մինչդեռ մեր տեղեկություններով, բոլորովին այլ իրավիճակ է ստեղծվել և առկա է կոռուպցիոն սխեմա, որն էլ մի շարք հարցեր է առաջ բերում։ Մասնավորապես՝ եթե այս վթարի հիմնական մեղավորը Մերսեդեսի 39-ամյա մահացած վարորդն է, ապա ինչո՞ւ է դեպքի վայրից փախուստի դիմում պատահարից 3 օր առաջ վարորդական իրավունք ստացած Ռոբերտ Աբրահամյանը և ինչո՞ւ են ականատեսները պնդում, որ որոշները Lexus-ի վրայից հանում 07 TO 777 պետհամարանիշերը։ Ի դեպ, նույն համարանիշերի ավտոմեքենայի անձնագիրը, ինչպես նաև Ռոբերտ և Արտեմ Սբրահամյանների վարորդական իրավունքների վկայականները պատահարից քիչ անց հայտնաբերվել են մեքենայից։

Նաև հարց է առաջանում, թե ինչպես է քննչական կոմիտեն նույն օրը փաստի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ Քր օր-ի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով, այն է՝ ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ և պատահարի վայրը լքելը, իսկ որոշ ժամանակ անց կարճում՝ մեղավորի մահվան հիմքով, այն դեպքում, երբ փաստացի առկա է Lexus-ի 18-ամյա վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը։

Ավելին՝ ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հրապարակած տեսանյութի՝ պատահարի հետևանքով կոտրվել են նաև հարակից դեղատան ապակիները, իսկ դեղատան աշխատակիցը պատմում է, թե ինչպես է Lexus մակնիշի մի մեքենա մեծ արագությամբ հեռվից մի քանի շինությունների ու մեքենաների բախվելով և շրջվելով՝ գալիս-հարվածում դեղատանը։ Մինչդեռ ՀՀ Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան գրել են, որ Lexus-ի վարորդը միայն հարվածել է դեղատան ցուցափեղկին․․․

 

Նշենք, որ Lexus-ի 18-ամյա վարորդ Ռոբերտ Աբրահամյանը, հայտնի է նաև թավշյա հեղափոխության ժամանակ մի խումբ ցուցարարների և ազդանշան արձակող մեքենաների ձվերով հարվածելով, որը փաստող տեսանյութ ևս կա։ Տեսանյութում պարզ երևում է, որ ձվերով հարվածողների գլխավոր դերակատարներից է 18-ամյա Ռոբերտ Աբրահամյանը, իսկ ցուցումներ տվողների շարքում են նաև Ռոբերտ Աբրահամյանի հայրը՝ Արտեմ Աբրահամյանը և «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրեն Սմբատ Աղաբաբյանը։  Սակայն ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ տվյալ միջադեպի մասով ՀՀ ոստիկանությունում  ահազանգ և հաղորդում չի եղել։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբրահամյանը չի զորակոչվել բանակ, իսկ պատճառների մասով ԼՈՒՐԵՐ.com-ը զբաղվում է։

Արմինե Միքայելյան