Ավարտվել է 7 հոգու մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 7 անձի մահվան ելքով ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ին չպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն իրեն ամրակցված «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Արթիկից Գյումրի ճանապարհվելիս, 108-րդ կմ ճանապարհահատվածում խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։
Մասնավորապես՝ ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող տրանսպորտային միջոցին՝ Ռ.Մկրտչյանի վարած թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային, ստեղծել է վթարային իրավիճակ և, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, մուտք է գործել խաչմերուկ, ապա բախվելով ուղևորատար մեքենային՝ վթարի ենթարկվել:
Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել է, որի արդյունքում 7 հոգի մահացել է, ևս 8 հոգի՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:
Նախաքննության ընթացքում նշանակվել են մեկ տասնյակից ավելի փորձաքննություններ, այդ թվում՝ դատաավտոտեխնիկական, դատանյութագիտական, դատահրդեհատեխնիկական, դատապայթյունատեխնիկական և դատաավտոտեխնիկական համալիր, դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր ստացիոնար փորձաքննություններ:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: