TotoGaming ընկերությունն ու Վանաձորի «Լոռի»-ն համագործակցության մեկ տարվա պայմանագիր են ստորագրել: Կողմերի ներկայացուցիչներն այսօր տեղի ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացրել են համագործակցության մանրամասները:
- «Պայմանագիրը նախատեսում է ամբողջական համագործակցություն, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում: Այսինքն ոչ միայն սահմանափակվելու ենք թիմի մարզաշապիկի վրա մեր նոր տիտղոսային հովանավորի տարբերանշանը տեղադրելով, այլ նաև օգտագործելով սոցցանցերի ռեսուրսը: Բաներներ են տեղադրվելուՎանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Շուտով պատրաստ կլինի նաև Վանաձորի Քաղաքային մարզադաշտը, որտեղ նույնպես համաձայն պայմանագրի կետերի՝ կտեղադրվեն բաներներ: Ինչպես գիտեք TotoGaming ընկերությունն ունի իր լրատվական ռեսուրսը` TotoExpert-ը, որտեղ նույնպես համագործակցությունն ընդլայնվելու է: TotoGaming ընկերությունը մեր երկրորդ հովանավորն է «Jose»-ից հետո, սակայն մեր նոր հավանավորի հետ ավելի լայն շրջանակներում ենք համագործակցելու: Հուսով ենք` այն կստացվի,- նշել է «Լոռի»-ի ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը:
TotoGaming ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ Մարկոսյանը հավելեց, որ ֆուտզալի «Լոռի» թիմի մարզաշապիկին նույնպես տեղադրվելու է ընկերության տարբերանշանը:
- «Այսքանով ևս չենք սահմանափակվելու: Կլինեն տարատեսակ միջացառումներ թե՛ երկրպագուների, թե՛ վանաձորցիների ակտիվ հանգիստն ապահովելու համար: Սոցիալական հարթակներում կունենանք համատեղ ակցիաներ: Հուսով եմ` բոլորը գոհ կմնան համագործակցությունից: Չենք բացառում նաև, որ կշարունակենք համագործակցությունը նաև մեկ տարի անց»,- հավելեց Ռոբերտ Մարկոսյանը:
Շատ կարևոր է, որ ֆուտբոլը, սպորտը մարզերում ևս զարգանա: Կողմերը խոստացան, որ դրա համար կանեն կոնկրետ քայլեր համագործակցության շրջանակներում:
- «Մեր երկրպագուներն արդեն հայտնի են ու մշտապես մեր թիմի կողքին են: Բավականին պահանջարկ ունի «Լոռիի» մարզաշապիկները ու ատրիբուտիկան: Պաշտոնական կայքը գործարկելուց հետո, պատրաստվում ենք գործարկել նաև պաշտոնական ֆան-շոփը, որտեղից հնարավոր կլինի ձեռք բերել մարզահագուստի այլ տարբերակներ, ինչպես նաև մեր ու մեր գործընկերների տարբերանշաններով ատրիբուտիկա: Կփորձենք քաղաքի երիտասարդությանն ակտիվացնել TotoGaming ընկերության հետ համատեղ: Մեր համագործակցությունը չի սահմանափակվելու միայն ֆուտբոլային հանդիպումներով: Մեր երկրպագուները նաև թիմին աջակցելու համար ներկա են գտնվում նաև արտագնա խաղերին: Համագործակցությունը կփորձենք պտտել մեզ հետ»,- խոստացավ Սպարտակ Պետրոսյանը:
Ասուլիսի ժամանակ տեղի ունեցավ նաև TotoGaming ընկերության տարբերանշանով «Լոռի»-ի նոր մարզաշապիկի շնորհանդեսը: