Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության քաղաքական բաղադրիչի տրամաբանական շարունակությունն, անշուշտ, տնտեսական հեղափոխությունն է, որի իրագործման դեպքում միայն հնարավոր կլինի խոսել երկրում համակարգային փոփոխությունների մասին: Այս տեսանկյունից՝ անչափ կարևոր է արտասահմանյան ներդրումների համար բարենպաստ միջավայրի, Հայաստանի դրական իմիջի ստեղծումը: Առաջին քայլն արդեն իսկ արված է: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, օրերս Հայաստան էին ժամանել աշխարհի 20 երկրների խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի և այլ խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Երկօրյա համաժողովի ընթացքում հյուրերը ծանոթացան Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներին, ինչպես նաև ներդրումային պայմաններին, ինչի արդյունքում, մոտ ապագայում, կարող ենք ականատես լինել նաև տնտեսական հրաշքի:
Համաժողովի կազմակերպիչ Գագիկ Ծառուկյանի և նրա հրավերով Հայաստանում ներդրումներ անող ընկերությունների, գործարարների ներդրումները աչքի են ընկնում իրենց ֆունկցիոնալ, գործառնական բնույթով: Այսպես, 2015 թ. մինչ այսօր Գագիկ Ծառուկյանի կողմից կատարվել է ավելի քան 1 միլիարդ 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում: Ահա այսքան գումար է ներդրվել հայաստանյան տնտեսության գերակա ճյուղերի զարգացումն ապահովելու նպատակով: Արդյունաբերություն, շինարարություն, փոքր ու միջին բիզնես, արևային համակարգեր, կրիպտովալյուտայի ու ոսկու արտադրություն, զբոսաշրջություն և սպորտ: Բացի այդ, պետք է նշել, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և Սիրիայում մեծ ճանաչում ունեցող «Սաբաղ Գրուպ» ընկերությունը համատեղ ներդրումային պայմանագիր են ստորագրել: Այն նախատեսում է առաջիկա 5 տարում Հայաստանի տեքստիլ արդյունաբերության ոլորտում ստեղծել ավելի քան 4000 աշխատատեղ: Ներդրումների ծավալը կազմում է շուրջ 1 մլրդ դոլար։
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական-տնտեսական դաշտի առողջացմանն ուղղված քայլեր է կատարում: Միևնույն ժամանակ, Փաշինյանը պետք է լուրջ ուշադրություն դարձնի առաջին հերթին հարկային դաշտի բարելավմանը, հատկապես ներդրողների համար առավել օպտիմալ պայմանների ստեղծմանը, ռիսկերի նվազեցմանը: Այս հարցում Փաշինյանը կարող է օգտնվել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի օրինակից, ով իշխանության գալուն պես՝ օտարերկրացի ներդրողներին 2 տարով հարկերից ազատելու որոշում կայացրեց: Փաշինյանի առջև խնդիր է ծառացած նաև համոզել պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանը թևակոխել է քաղաքական և տնտեսական կայունությոան փուլ: Օրինակ, գաղտնիք չէ, որ ներդրումների մի զգալի մաս Հայաստան է գալիս ՌԴ-ից, մինչդեռ ռուսաստանաբնակ մեր գործարարները մինչ օրս որոշակի տարակուսանքով են վերաբերվում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, գտնելով, որ «բիզնեսը սիրում է լռություն»:Այս տեսանկյունից, Գագիկ Ծառուկյանի կողմից նման համաժողովների կազմակերպումը, ինչպես նաև անձնական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ մեսիջ են մյուս գործարարներին, որ մեր երկրում քաղաքական-տնտեսական մթնոլորտը առողջացվում և կայունացվում է: Մնում է պահպանել արձանագրած տեմպը, ամեն գնով խուսափել անկայունության դրսևորումներից, հակառակ պարագայում՝ «լռություն» սիրող բիզնեսը պարզապես կհեռանա Հայաստանից՝ կորցնելով վաղվա օրվա նկատմամբ վստահությունը...
Ստելլա Խաչատրյան