Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքն արդեն դիմում է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր Միգրացիոն գործակալությանը՝ իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն ասաց, որ գործընթացի մեկնարկը տրված է, սակայն ժամկետի եւ գործընթացի հետ կապված այլ տվյալներ չի կարող տրամադրել, քանի որ դրանք համարվում են խորհրդապահական:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանն էլ տեղեկացրեց, որ ընտանիքը գտնվում է ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի հովանու ներքո: Հայրապետյանի փոխանցմամբ' կառույցը խնդրել է Հայաստանի իշխանություններին զբաղվել այդ հարցով միջազգային նորմերի եւ հայկական ազգային օրենսդրության չափորոշիչներին համաձայն, հսկել գործընթացը՝ պահպանելով միջազգային պաշտպանության մանդատը:
«Մենք ողջունում ենք հայ-վրացական սահմանին չվերադարձնելիության սկզբունքի պահպանումը, ինչպես նաեւ այն, որ Հայաստանի իշխանությունները ընտանիքի նկատմամբ այլընտրանքային միջոցներ են կիրառել կալանքի փոխարեն»,- ասաց Հայրապետյանը' հավելելով, որ ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը հիմնվելով իր գլոբալ քաղաքականության դրույթների վրա անհատական դեպքերի մասին լրատվամիջոցներին չի տրամադրվում կոնֆինդեցիալ տեղեկություն:
ՀՀ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության համաձայն' հունվարի 29-ին հայ-վրացական «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետ է դիմել Ադրբեջանի քաղաքացի, Բաքու քաղաքի բնակիչ, 1976թ. ծնված Ջավիդ Օրուջևը' իր, կնոջ և երեք մանկահասակ երեխաների համար քաղաքական ապաստան խնդրելու նպատակով: Ջավիդ Օրուջևը պատմել է, որ իր նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների ճնշումները սկսվել են հայկական արմատներով կնոջ' Բաքվի բնակիչ, 1983թ. ծնված Ռոյա Միրզոևայի հետ ամուսնանալուց հետո: Չդիմանալով անմարդկային կեղեքումներին' Ջավիդ Օրուջևը պարտադրված համաձայնել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, և կնոջ' արտասահմանում բնակվող ազգականների միջոցով տվյալներ հայթայթել Հայաստանի և Սփյուռքի վերաբերյալ: Գիտակցելով իր և ընտանիքի սպառնալից իրավիճակը' Օրուջևը անհաջող փորձ է կատարել բնակություն հաստատել եվրոպական երկրներից մեկում, որտեղից Բաքու արտաքսվելուց հետո նրա հանդեպ ավելի են ուժգնացել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ճնշումները: Հայտնվելով անելանելի իրավիճակում և, զգալով իր ընտանիքին սպառնացող իրական վտանգը, Ջավիդ Օրուջևը որոշել է քաղաքական ապաստան խնդրել Հայաստանի իշխ անություններից: