Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի դատարանը դեկտեմբերի 17-ին քննել է ադրբեջանցի հայտնի լրագրող եւ իրավապաշտպան Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքի անդամների կարգավիճակի հարցը, ով Ադրբեջանում ձերբակալվել է լրտեսության մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, դատարանը լսել է Միրկադիրովի կնոջը' Ադել Բաբախանովային եւ ավագ դստերը' Սուադին: Բացի այդ, քննարկվել են միջազգային իրավապաշտպան կառույցների եւ Շվեյցարիայի համապատասխան կազմակերպությունների ներկայացված փաստաթղթերը: Դեկտեմբերի 20-ին Միրկադիրովի ընտանիքը ծանուցագիր է ստացել դատարանից' նրանց քաղաքական ապաստան տրամադրելու մասին:
Ռաուֆ Միրկադիրովը ադրբեջանական «Զերկալո» թերթի հատուկ թղթակիցն էր Թուրքիայում: Ապրիլի 19-ին Թուրքիայի ոստիկանությունը նրան արտաքսել է Բաքու, որտեղ ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո Ադրբեջանի ազգային անվտանգությն նախարարության աշխատակիցները ձերբակալել են լրագրողին: Երկու օր հետո նրան մեղադրանք է ներկայացվել Հայաստանի օգտին «լրտեսություն» իրականացնելու մեջ: Այդ մեղադրանքները լրագրողը հերքել է' դրանք անվանելով անհեթեթ: Կարճ ժամանակ հետո միջազգային կազմակերպությունները Միրկադիրովին խղճի բանտարկյալ են ճանաչել:
Միրկադիրովի ձերբակալությունից հետո նրա ընտանիքը մնացել էր Թուրքիայում: Տեղի եւ Բաքվի դատախազության աշխատակիցները մի քանի անգամ հարցաքննել են նրա ընտանիքի անդամներին, նրանց բնակարանը խուզարկել եւ անձնական իրեր են առգրավել: Դրանից հետո միջազգային կազմակերպությունների օգնությամբ նրա ընտանիքի անդամներին տեղափոխել են Շվեյցարիա: Միջազգային գործելաոճի համաձայն' քաղաքական բանտարկյալի ընտանիքի անդամներին ապաստան է տրվում, եթե նրանց վերադարձը հայրենիք սպառնալիք է ներկայանում նրանց ազատության համար:
Ռաուֆ Միրկադիրովին մեղադրում են այն բանում, որ «ժողովրդական դիվանագիտության» միջազգային ծրագրով նա մի քանի անգամ այցելել է Հայաստան, եւ իբր, համագործակցել հայկական հատուկ ծառայությունների հետ: Միրկադիրովի ձերբակալության հետ կապված' ադրբեջանցի իրավապաշտպանները նշել են, որ Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է ազատվել միջազգային կազմակերպությունների հետ համագործակցող անկախ, ոչ կառավարական կազմակերպություններից եւ նրանց փոխարեն ներկայացնել իշխանամետ կազմավորումներ: