Հայաստանից քաղաքական ապաստան խնդրած ադրբեջանցի 5 հոգանոց ընտանիքի հայցը բավարարվել է: Նրանց տրամադրվել է ապաստան և փախստականի կարգավիճակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ այդ կերպ Հայաստանը որպես պետություն պաշտպանում է Օրուջևների ընտանիքը հալածանքներից: «Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական և տրամադրել ապաստան Հայաստանի Հանրապետությունում:

 

Ուզում եմ շեշտել, որ հարցը զուտ ապաստանի' հալածանքներից պաշտպանության մասին է:

 

Այստեղ խոսք չի գնում նրանց բնակարանային տարածքով ապահովելու մասին: Պետությունը չի կարող իր վրա նման գործառույթ վերցնել: Օրենքով սահմանված կարգով նրանց տրամադրվել է փախստականի կարգավիճակ, հետևաբար, նրանք կարող ենք օգտվել սոցիալական և իրավական այն արտոնություններից, որ սահմանում է Հայաստանի օրենսդրությունը փախստականների համար»,- նշեց նա' հավելելով, որ Օրուջևների կամքից անկախ նրանց չեն ուղարկի այլ երկիր: