Հունվարի 1-ից արդարադատության ոլորտում կներդրվեն էլեկտրոնային արդարադատության և մշտադիտարկման համակարգեր, ինչպես նաև ողջամիտ ժամկետում գործերի քննության մեթոդիկան, ինչը հնարավորություն կտա հասցեական գնահատել դատավորներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Մեր գնահատմամբ՝ Հայաստանում, ծախսատարության առումով արդարադատությունը չափազանց անարդյունավետ է: Փորձել ենք մշակել հատուկ հայեցակարգ ոչ միայն ծախսատարության, այլև համակարգային մոտեցման առումով՝ ներդնելով էլեկտրոնային արդարադատության և մշտադիտարկման համակարգեր»,- ընդգծեց Հարությունյանը:
Նա նշեց, որ Հայաստանում 6 ամիսը մեկ անգամ պասիվ վիճակագրություն է հրապարակվում, թե որ դատարանում քանի գործ մուտք եղավ և քանակական վերլուծություն արվում: Այսօր դատարաններում գործերի շարժի, ընթացքի վերաբերյալ հնարավոր չի ամփոփ տեղեկություն ստանալ:
«Իրականության մեջ արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր օր հստակ տեղեկատվություն տալ, թե քանի դիմում եղավ, դրանցից քանիսն ընդունվեց և քանիսը վերադարձվեց, նիստերը քանի անգամ են հետաձգվել, քանի գործ է քննվում և այլն: Որևէ գործի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար օրեր են պահանջվելու և հնարավոր է «ծայրը ծայրին չհասնի»,- ասաց ԲԴԽ նախագահը:
Նա շեշտեց, որ մշտադիտարկում անցկացնելու համար հատուկ մեթոդաբանություն է մշակվել՝ հաշվի առնելով Եվրոպական երկրների փորձն առանձին՝ Առաջին ատյանի, Սնանկության, Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների համար:
«Շատ ինտենսիվ սկսել ենք աշխատել համակարգչային մասնագետների հետ և հունվարի 1-ից կփորձենք ներդնել մշտադիտարկման այս համակարգը: Այդպիսով հնարավոր կլինի հետևել ամբողջ դինամիկային և դրա հիման վրա կկարողանանք նվազագույնի հասցնել գործերի քննման ժամկետները: Մենք այժմ ինտենսիվ աշխատում ենք ողջամիտ ժամկետում գործերի քննության մեթոդիկայի մշակման չափորոշիչերի մշակման ուղղությամբ, որը դարձյալ հունվարի 1-ից կներդրվի»,- տեղեկացրեց Գագիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ աշխատանքներ են տարվում նաև դատավորների գնահատման և արտահերթ գնահատման մեթոդաբանության ուղղությամբ:
«Հաջորդ տարվա հենց սկզբից պետք է հնարավոր լինի անցնել գնահատմանը, ռեյտինգավորմանը, որպեսզի վերաբերմունքը լինի հասցեական և հնարավոր լինի այդ մոտեցմամբ խնդիրներ լուծել»,- եզրափակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: