2019 թ. հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է դեղորայքային թունավորման 211 (2018թ. նույն ժամանակահատվածում՝ 207) դեպք, որից Երևան քաղաքում՝ 108 (2018թ. նույն ժամանակահատվածում՝ 93), մարզերում՝ 103 (2018թ. նույն ժամանակահատվածում՝ 114)։ Մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: Այդ մասին հայտնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընթացիկ տարում Երևան քաղաքում և մի շարք մարզերում դեղորայքային թունավորումների հիվանդացության ցուցանիշները գերազանցում են միջին հանրապետական ցուցանիշը, մասնավորապես Երևան քաղաքում՝ 1.4 անգամ, Արարատի մարզում՝ 1.5 անգամ, Կոտայքի մարզում՝ 1.2 անգամ:
Թունավորման դեպքերի հիմնական մասն արձանագրվել է ինքնաբուժման (36%), ծնողի անուշադրության (37.9%) և ինքնասպանության փորձի (9.9%) պատճառով: Դեպքերի մեծ մասն արձանագրվել է երեխաների շրջանում (53.6%)։
2019 թվականին դեղորայքային թունավորումների դեպքերը 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են կանանց շրջանում (59.2%):
Դեղորայքային թունավորումներից առավել հաճախ հանդիպում են ցավազրկող և հոգեմետ դեղորայքով թունավորումները: Հոգեմետ դեղորայքով թունավորումների պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հոգեկան հիվանդներին բժշկի կողմից նշանակված դեղորայքի ընդունումը ոչ միշտ է հսկվում նրանց հարազատների կողմից, թունավորվածների մի մասն էլ հոգեմետ դեղորայք օգտագործում է ինքնաբուժման և ինքնասպանության նպատակով: Ցավազրկող դեղորայքից թունավորվելու հիմնական պատճառն ինքնաբուժումն է: Շատ են նաև կալիումի պերմանգանատից և կարբամազեպինից թունավորման դեպքերը:
Դեղորայքային թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ հորդորում է.
*դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ,
*ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը,
*մանրամասն ծանոթանալ առանց դեղատոմսի ձեռք բերված դեղորայքի օգտագործման հրահանգներին,
*ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ,
*առանց բժշկի խորհրդատվության դեղամիջոցները չզուգակցել,
*հետևել դեղորայքի պահպանման կանոններին:
Աղբյուրը՝ news.am