ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բարձր են գնահատում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության աշխատանքը:
Լրագրողների հետ զրույցում այս հետազոտությունները ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն ԱրամՆավասարդյանը:
«ԱԱԾ-ի աշխատանքը հարցվածների 66.2 տոկոսը լիովին դրական է գնահատել, իսկ ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի աշխատանքները համապատասխանաբար՝ 56.7 և 52.6 տոկոսը: Կառույցների գործունեությունը բացասական են գնահատել շատ քչերը՝ մինչև 4.5 տոկոսը»,- նշեց Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ հարցվողներին նաև հարց է ուղղվել, թե բացահայտումների ինչ դեպքեր են հիշում, և 83.3 տոկոսը պատասխանել է Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները:
«39.9 տոկոսը հիշել է Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի վերաբերյալ դեպքերը, 37.5 տոկոսը՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդիների հետ կապված ենթադրյալ հանցագործությունները, 18.9 տոկոսն էլ մատնանշել է Հովիկ Աբրահամյանի, իր եղբոր գործարանում գտնված զենքերն ու չարաշահումները»,- ընդգծեց «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրենը:
Հարցվածների 64.8 տոկոսը մարտի 1-ի գործի վերաբերյալ կարծում է, որ ճշմարտությունը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն, իսկ 24.7 տոկոսը կարծում է, որ մեղավորներին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից:
Հետազոտության մասնակիցների 80․1 տոկոսը կարծում է, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և ՀՔԾ-ի կողմից իրականացվող գործողությունները օրինականության հաստատում են, 10․6 տոկոսի կարծիքով` դրանք քաղաքական հետապնդումներ են:
Հարցվածների 40 տոկոսը ՀՀ անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ պատասխանել է, որ ՀՀ-ն ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը` առանց այլ կառույցների միջամտության, 39.7 տոկոսի կարծիքով՝ այդ երաշխավորը Ռուսաստանն է, ՆԱՏՕ-ին Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում տեսնում է 9 տոկոսը, իսկ ՀԱՊԿ-ին՝ 3.9 տոկոսը: