Երկրապահ կամավորական միության համագումար նիստը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեռևս ձգձգվում է: Սկզբում դա նախատեսվել էր սեպտեմբերի երկրորդ կեսին, այնուհետև որոշվեց անցկացնել հոկտեմբերի առաջին կեսին:
ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ բանակցությունները դեռևս չեն ավարտվել փոխնախագահների, կառույցների և հավակնություն ունեցող մնացած բոլոր կազմակերպությունների միջև:
ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրների փոխանցմամբ, ԵԿՄ համագումարի ձգձգումը բոլորովին այլ նպատակ ունի, քան ներկայացվում է: Քնննարկումները պայմանավորված են ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործոնով:
Իրականում խնդիրը հետևյալն է՝ ԵԿՄ կառույցի մեծ մասը կողմ է Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությանը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿՄ-ն խոշոր ընտրազանգված է իրենից ներկայացնում, իսկ «Լույս» դաշինքն էլ հայտարարել է ԱԺ ընտրություններին մասնակցելու մասին, ըստ այդմ, Սասուն Միքայելյանի առջև խնդիր է դրված այդ քննարկումները հասցնել մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտը՝ թույլ չտալու համար, որ տվյալ ընտրազանգվածի ձայները բաժին հասնեն «Լույս» դաշինքին:
Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիրգորյանի կալանավորումից հետո ԵԿՄ-ում որոշվեց կասեցնել նրա լիազորությունները՝ որպես ԵԿՄ նախագահ: Այնուհետև ԵԿՄ ակտիվի նիստից հետո անդամներն առաջարկել են վարչության նախագահի պաշտոնում ներկայացնել ԵԿՄ անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը, ինչը վերջինս չի մերժել: