«Հրապարակ» թերթը գրում է.
Ճի՞շտ են լուրերը, որ Դուք «ՔՊ»-ի ցուցակում եք լինելու, դրա համար էլ «դավաճանեցիք Ձեր Նվարդին»՝ հարցրինք ՀՀԿ-ական պատգամավոր-«բանաստեղծ» Տաճատ Վարդապետյանին։ «Ես չեմ դավաճանել իմ Նվարդին, որքան էլ դյութես, օ՜, դու, Շամիրամ։ Եվ ապա՝ ես դեռ «ՔՊ»-ից ոչ մի առաջարկ չեմ ստացել՝ ցուցակում տեղ գտնելու առումով»։ Սպասո՞ւմ եք։
«Գիտեք, «սպասում» ասվածը ավելի շատ բանաստեղծական ժանրին է վերաբերում»։ Իսկ հնարավո՞ր է չհրավիրեն, ու ասեք՝ իզուր դավաճանեցի ես Նվարդին։ «Երկրորդեմ՝ միանշանակ համաձայն չեմ Ձեր եզրույթի հետ․ չե՛մ դավաճանել ես իմ Նվարդին, դավաճանություն չկա իմ գործողությունների մեջ, ես ՀՀԿ-ին ոչինչ չեմ արել»։
Սերժ Ազատիչը հեռացածներին դավաճան, առնետ, թուլամորթ է անվանում։ «Չեմ կարծում, որ նման ձեւակերպումներով ինձ բնութագրի, ես դուրս գալուց իրեն տեղեկացրել եմ այդ մասին, հիմնավորել եմ հեռացմանս պատճառը, այն է՝ ժողովուրդը պահանջում է ինձնից՝ հեռանալ ՀՀԿ-ից, ես հեռացել եմ, կարծում եմ՝ ինքն ինձ հասկացել է»։