ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը շնորհավորական ուղերձ է հղել սոցիալական աշխատողի մասնագիտական օրվա առիթով։ Ուղերձում ասված է․
«2009 թվականից Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 4-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել նրա նպատակներն ու խնդիրները: Այն է՝ համակողմանի աջակցություն ցուցաբերել, նեցուկ լինել մարդկանց ու ընտանիքներին, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում,վստահություն ներշնչել սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ՝ հավաստիացնելով, որ հենց իրենք կարող են փոխել իրենց կյանքն ու կենսակերպը:
Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, սոցիալական աշխատողը՝
մարդկային բարձր որակներով ու մասնագտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում
ՄԱՐԴՆ է, իսկ նպատակը՝ ՄԱՐԴՈՒ կյանքի որակի բարելավումը: Սոցիալական աշխատանքը լոկ
մասնագիտություն չէ, այն կենսաձև է, համբերատարություն պահանջող ամենօրյա աշխատանք:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման և զարգացման գործընթացն առավել որակյալ, կանոնակարգված, հասցեական ու նպատակային դարձնելը: Այս համատեքստում մեծ դեր ունի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումն ու կայունությունը, ինչը սոցիալական աշխատանքի և սոցիալական աշխատողի համար պետք է ստեղծի այնպիսի միջավայր, պայմաններ և գործիքակազմ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս իրագործել սոցիալական աշխատողի առաքելությունը՝ աջակցել այն քաղաքացիներին, ովքեր իրապես ունեն դրա կարիքը:
Սիրելի սոցիալական աշխատողներ, դուք մեր պետության այն ներկայացուցիչներն եք, ում նկատմամբ
վստահությունը ձևավորում է նաև վստահություն մեր պետության, սոցիալական պաշտպանության և վաղվա
օրվա նկատմամբ։
Սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առիթով և մաղթում հաջողություններ Ձեր պատվաբեր ու
դժվարին աշխատանքում»: