ՀՀ պաշտպանության նախարարությունը նախընտրական շրջանում զորամասերում քարոզչությունը բացառելու և զինվորի քվեարկության վրա որևէ ազդեցություն բացառելու նպատակով հաղորդագրություն է ուղարկել բոլոր զորամասերի հրամանատարներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նոյեմբերի 6-ին ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:
«Օրենսդրական փոփոխությունների ժամանակ մենք առաջարկելու ենք, որ զինծառայողները թեկնածուների, կուսակցությունների մասին տեղեկությունները ստանան հեռուստաքարոզչությամբ նախատեսված ժամանակում: Թեկնածուների մուտքը զորամասեր, քարոզչությունը զորամասորում օրենքով արգելված է: Զինվորների քվեարկության վրա սպաների ազդեցության, քարոզչության բացառման նպատակով արդեն իսկ հաղորդագրություն է փոխանցվել բոլոր զորամասերին, բոլոր հրամանատարներին՝ հիշեցնելու իրենց պարտականությունները, օրենքի դրույթները, թե ինչ կարող են անել, ինչը՝ ոչ»,-ասաց Տոնոյանը:
Նա շեշտեց, որ բոլորին նախազգուշացրել են, որ օրենքի ամբողջ խստությամբ կպատժվեն, եթե լինի անգամ փորձ՝ ընդգրկվելու քարոզչական գործընթացներում: Զինվորների քվեարկությունը կկազմակերպվի նույն ձևաչափով, ինչ նախորդ անգամներին: