Կրկին երեխայի կորչելու դեպք է գրանցվել Հայաստանում, այս անգամ՝ Վանաձոր քաղաքում։

Նոյեմբերի 6-ին, ժամը 19․00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մարգարյան 1 հասցեից դուրս է եկել և չի վերադարձել 2006 թվականին ծնված Արթուր Մարտիրոսյանը, որը հիվանդ է աուտիզմով։

 

ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ, փոխգնդապետ Վազգեն Թորոսյանը հայտնեց, որ երեխան  ագրեսիվ չէ և տեսնելու դեպքում պարզապես պետք է մոտենալ երեխային, բռնել ձեռքը և զանգել ոստիկանություն։ 

«Երեխայի հագին եղել են հողաթափեր, ջինսե տաբատ, շապիկ և դրա վրայից՝ ժակետ։ Երեխան աուտիզմով հիվանդ է, ոչ ոքի հետ չի շփվում, չի կարողանում խոսել, ուրիշների ասածն էլ չի հասկանում։ Երեխային տեսնելու դեպքում պետք է ձեռքը բռնել և զանգահարել ոստիկանություն։ Թե չէ ասեն՝ տղա ջան, կանգնի՛ր՝ դա չի օգնի»,- ասաց Թորոսյանը։

Վերջինս, խոսելով, երեխայի՝ տնից փախչելու պատճառների մասին՝ նշեց, որ երեխան գերակտիվ է և քայլելու կարիք ունի։ Նա նաև նկատեց, որ սա երեխայի առաջին փորձը չէ տնից փախչելու․ «Երեկ նա երկու անգամ տնից փախել է, մայրը հասցրել է բռնել, հետ է բերել, բայց 7-ի կողմերը, որ դուրս է եկել, մայրը չի կարողացել գտնել, հետ բերել։ Երկու օր առաջ էլ է փախել, եկել է քաղաքի կենտրոնական հատված, բարեբախտաբար, հարևաններից մեկը ճանաչել է, ձեռքից բռնել է, տարել տուն»,-ասաց նա և հավալեց, որ երեխայի փախչելու պատճառները՝ ծնողների պնդմամբ, անընդհատ քայլելու ցանկությունն է․ «Երեխան միշտ կարիք է զգացել ման գալու, երբ դա նկատել են ծնողները, տարել են զբոսանքի, այս անգամ էլ հասկացրել է, որ էլի ուզում է քայլել, ծնողները չեն տարել, դրա համար է երևի փախել»։

 

Թորոսյանը նկատեց, որ դեռ որևէ արձագանք չի եղել կորած երեխայի վերաբերյալ․ «Ըստ երեխայի հարազատների՝ նա պետք է որ մինչև հիմա քայլելիս լինի, եթե ինչ-որ բարի մարդ ձեռքից բռնած և տուն տարած չլինի։ Երեխայի մոր խոսքով, նա անընդհատ քայլում է, ոչնչից չի վախենում, չի հականում, որ վախենա», - ասաց նա և հավելեց, որ նրանք բնակվում են անտառամերձ տարածքում և մտավախություն ունեն, որ կարող է գիշերը քայլելով հասնել անտառ։

«Պետք է երեխան շուտ գտնվի, թե չէ կարող է վատ ավարտ ունենալ։ Մեզ հիմա անհրաժեշտ է ցանկացած օգնություն»,-ամփոփեց փոխգնդապետը։