ՀՀ կառավարությունը մերժեց Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու պատգամավոր Արմեն Աշոտյանի առաջարկները: Այսպիսի որոշում կայացվեց կառավարության նոյեմբերի 8-ի նիստում:
«Պատգամավոր Արմեն Աշոտյանի օրենքում փոփոխություններ կատարելու նախագծով առաջարկվում է վարչապետի սպասարկման նպատակով տրամադրված հատուկ սարքավորված ուղղաթիռի կամ ինքնաթիռի սպասարկումից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակել օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացում ՀՀ վարչապետի պաշտոնական ինտերնետային կայքում: Հրապարակումները պետք է պարունակեն տեղեկություններ օգտագործման նպատակի, օգտագործող անձանց ցանկի եւ պետական բյուջեից հատկացված գումարի չափի մասին: Ինչպես նաև առաջարկվում է այն իրավակարգավորումը, ըստ որի վարչապետին է վերապահված իրեն սպասարկելու նպատակով հատուկ սարքավորված ուղղաթիռից և ինքնաթիռից բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը սահմանելու լիազորությունը կառավարությանը վերապահելը: Կառավարությունն առաջարկում է անփոփոխ թողնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքը»,- ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց օրենքի նախագծին՝ պետական անվտանգության, պետական և ծառայողական գաղտնիք չհրապարակելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև այն հանգամանքով, որ ճիշտ կլինի, որ վարչապետին կցված ուղղաթիռի և ինքնաթիռի սպասարկման կարգը հաստատի հենց ինքը՝ վարչապետը: