Ինչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախընտրական արդյունքների համաձայն` Կոնգրես են անցել նաև հայ օրենսդիրներ Էնթոնի Բրինդիզին, Աննա Էշուին և Ջեքի Սփիրին: Իսկ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Աննա Աստվածատուրյան Թըրքոթըերկրորդ անգամ վերընտրվել է Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքի քաղաքային խորհրդի կազմում: Նա Բաքվի ջարդերի ժամանակ ընտանիքի հետ փախուստի է դիմել: Ներկայումս Արցախի անկախության հարցով զբաղվող փաստաբան է:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ բացառիկ զրույցում Աննա Աստվածատուրյան Թըրքոթը պատմել է ընտրությունների մասնակցության, վերընտրվելու, թուրքական կամ ադրբեջանական լոբբիի կողմից ազգությամբ հայ թեկնածուների դեմ թիրախավորված աշխատանքի, ինչպես նաև առաջիկա պլանների մասին:

- Տիկին Աննա Աստվածատուրյան Թըրքոթ, ասացեք խնդրում եմ՝ ինչպե՞ս կգնահատեք այս ընտրությունները:

- Իրավիճակը երկրում կրիտիկական է՝ քաղաքական առումով: Կարծում եմ` այս ընտրությունները երկրի պատմության մեջ ամենակարևոր ընտրություններն էին: Դեմոկրատներին հաջողվեց վերականգնել բալանսը, հակառակ դեպքում մենք պարզապես կորցնելու էինք երկիրը և դրա վերադարձը՝ առանց կառուցողական երկխոսության, անչափ բարդ կլիներ: Քաղաքի մակարդակում մենք ունեցանք անչափ ակտիվ մասնակցություն այս ընտրություններին: Երբևէ չեմ տեսել այսքան մարդ, որքան միջանկյալ այս ընտրությունների ժամանակ:
 
- Դուք ընտրվում եք արդեն երկրորդ անգամ, կիսվեք ձեր տպավորություններով: Արդյոք եղե՞լ են թուրքական կամ ադրբեջանական լոբբիի կողմից ազգությամբ հայ թեկնածուների դեմ թիրախավորված աշխատանք:
 
- Այս անգամ իմ հաղթելու շանսերը շատ ավելի լավն էին, քանի որ պաշտոնապես չունեի որևէ հակառակորդ: Իհարկե թեկնածուին կարող են գրանցել արդեն իսկ ընտրությունների պահին, սակայն դա շատ հազվադեպ հանդիպող երևույթ է: Անցած անգամ ես հավաքել էի 64 % ձայն: Այս երեք տարիները անչափ պրոդուկտիվ են եղել, զարկ է տրվել տնտեսության զարգացմանը, մենք կառուցել ենք 2 դպրոց, այնպես որ կարծում եմ՝ ոչ հանրապետականները, ոչ էլ անկախ թեկնածուները, պարզապես, չեն «հանդգնել» իրենց թեկնածությունը դնել ընդդեմ ինձ: Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ այս աշխատանքը շատ հաճախ անշնորհակալ գործի է վերածվում, և դժվար է գտնել մեկին, ով կցանկանա այս ամենով զբաղվել՝ քաղաքային մակարդակով: Այս դեպքում առաջնային է դառնում պետական ծառայության հանդեպ մեծ սերը:
 
Ինչ վերաբերվում է ադրբեջանական լոբբիին, ապա նրանք ինձնով չեն հետաքրքվում, գուցե այն պատճառով, որ ես չեմ աշխատում դաշնային մակարդակում: Նրանք ինձ հիշում են միայն այն ժամանակ, երբ ես ելույթ եմ ունենում կոնգրեսում, Եվրոպական պառլամենտում:
 
- Գիտենք, որ Դուք հաճախ եք բարձրաձայնել արցախյան խնդրի մասին: Ինչպիսի՞ լուծում եք ինքներդ տեսնում, և ինչպե՞ս եք շարունակելու բարձրաձայնել այս հարցը: 
 
Անցած տարի ես գրեթե ողջ ժամանակս նվիրել եմ ԱՄՆ-ում և Եվրոպայում անցկացվող՝ Սումգայիթի ջարդերին նվիրված միջոցառումներին: Դա ինձ համար ամենակարևոր իրադարձությունն էր, որի վրա շատերը, այդ թվում մեր համայնքում կամ չգիտեին, կամ պատշաճ ուշադրության չէին արժանացնում: Այն ինչ տեղի ունեցավ մեր հետ Ադրբեջանում, դա նույնն է՝ ինչ կարող էր կամ կարող է տեղի ունենալ Արցախում բնակվող մեր հայրենակիցների հետ և չխոսել այս մասին միջազգային բոլոր հնարավոր հարթակներից դա բարոյական և քաղաքական շատ մեծ սխալ է: Ես շարունակում եմ գրել և խոսել Արցախի մասին: 2020-ին լրանում է Բաքվի ջարդերի 30 ամյակը: Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի Բաքվի հայերի հետ տեղի ունեցածը երբեք մոռացության չմատնվի:
 
- Ինչպե՞ս եք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո
 
- Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ իմ ունեցած խոսակցություններից ինձ հասկանալի դարձավ, որ հեղափոխությանը վերաբերվում են լավատեսորեն, սակայն՝ վերապահումներով: ԱՄՆ-ն հետևում է Հայաստանի առաջընթացին և աջակցում է այն բոլոր քայլերին, որոնք արվում են օրենքի գերակայության հաստատման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Սակայն, ճիշտն ասած, հարաբերությունների մեջ որևէ կտրուկ փոփոխություն ես չեմ ակնկալում:
 
- Ի՞նչ եք կարծում հայոց ցեղասպանության ճանաչումը դեռևս առաջնահերթություն է սփյուռքի մեր համայնքների համար
 
- Այո, իհարկե: Սա Սփյուռքի սիրտն է, և այս հարցը երբեք չի վերանա, չնայած Ցեղասպանության 100-ամյա տարելիցից հետո ակտիվությունը փոքր ինչ կանգ է առել:
 
- Ինչպիսի՞ ծրագրեր ունեք առաջիկայի համար, ձեր նախընտրական ծրագրի ո՞ր կետն եք համարում առանցքային:
 
- Իհարկե, դեռ գրում եմ իմ երկրորդ գիրքը, հույս ունեմ՝ այն լույս կտեսնի 2019-ին: Գրում եմ հաճախ, սակայն հազվադեպ եմ կիսվում ընթերցողներիս հետ: Ես իրավաբան եմ, ակտիվիստ, իսկ գրող եմ, երբ մենակ եմ մնում իմ մտքերի հետ: Ինձ համար ամենակարևորը հիմա քաղաքական աջակցությունն է Արցախին, հատկապես հեղափոխությունից հետո տիրող էյֆորիայի ժամանակ: Սահմանին առկա իրական վտանգի մասին մոռանալ չի կարելի: Պետք է շարունակել ԱՄՆ կոնգրեսում և ողջ երկրում ներկայացնել Ադրբեջանի կողմից տարվող ակտիվ հակահայկական քաղաքականությունը և քարոզչությունը:
 
Ինձ համար անչափ կարևոր են նաև հումանիտար ծրագրերը Արցախում, Խնձորեսկում և Քարաշենում, որտեղից ծագումով իմ տատն ու պապն են: Եվ ինձ համար ամենակարևոր պրոյեկտը, որը շուտով կներկայացվի Բոստոնում գտնվող հայ-ամերիկյան ArmenianTree Project կազմակերպության կողմից, իմ մտահղացումն է՝ տնկել Բաքվի ջարդերի 30 ամյակին նվիրված հիշատակի անտառ: Ես մտածեցի և համաձայնեցի, որպեսզի Հայաստանում լինի անտառ՝ նվիրված Ադրբեջանի բոլոր հայերի հիշատակին, որոնք սպանվել են, արտաքսվել հայրենի հողից, ինչպես նաև նրանց, որոնց գերեզմանները ադրբեջանցիները ոչնչացրել են: Ծառատունկը կտևի մեկ տարի շարունակ Թալին քաղաքում, 2 հեկտարի վրա կտնկվեն ինչպես դեկորատիվ, այնպես էլ մրգային ծառեր, իսկ դրանց խնամքով կզբաղվեն հենց Թալինի բնակիչները: Սփյուռքի մեր հայրենակիցները կարող են մասնակցել, օժանդակել այդ նախագծին, և՛ նրանք ովքեր կորցրել են իրենց հարազատներին, և՛ ամերիկացիները, ովքեր հարգում են մեր նախնիների հիշատակը: Հուսով եմ շուտով կգամ Հայաստան՝ տնկելու մեր անտառը: Երբ ցանկություն ունենամ խոսելու տատիկիս ու պապիկիս հետ, որոնց գերեզմանները ադրբեջանցիները Բաքվում ոչնչացրել են՝ կկարողանամ գնալ Թալին, նրանց հիշատակի անտառ:
 
Հարցազրույցը՝ Սոնա Հարությունյանի