«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հույս ունի, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ ձևավորած «Մենք» դաշինքը հաջողություններ կունենա Հայաստանի քաղաքական դաշտում և հնարավորինս երկար գործունեություն կծավալի:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագիր ստորագրելուց հետո ունեցած ելույթում Արամ Սարգսյանը նախ ընդգծեց, որ երկու ուժերն էլ երկրում տեղի ունեցած փոփոխությունների և հեղափոխության կողմնակից են: «Քաղաքական դաշտում հեղափոխությունները բերում են փոփոխություններ , որոնց համահունչ պիտի արվեն քայլեր: Ինչի՞ համար է ձևավորվել մեր դաշինքը: Մեր դաշինքը համարում է, որ հեղափոխությունը իր վերջնական արդյունքին ու նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը:

Նա հավելեց, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արևմտյան արժեքների և արևմտյան ժողովրդավարության ջատագովն են, նման կառավարման և նման մոդելի պետություն ձևավորելու կողմնակիցն են: Նա նաև հստակեցրեց, որ սա չի նշանակում, թե իրենք դեմ են Ռուսաստանին:

Երկրորդ հանգամանքը, ինչի համար միավորվել են կուսակցությունները, քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացներին մասնակցության դիվերսիֆիկացիան է: «Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, փառք ու պատիվ նրան, բայց Նիկոլ Փաշինյանը ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունն արել է ողջ հայ ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Եվ դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պիտի լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Բնականաբար, մենք հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո խորհրդարանում մեծամասնություն կազմելու է հեղափոխությունը իրականացրած ուժը, բայց հեղափոխությունն արել է ժողովուրդը, սակայն այդ հեղափոխությունը կունենա զրո արժեք, եթե քաղաքական դաշտում լինի միայն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունը: Այստեղ ես համոզված եմ, որ ներքաղաքական դաշտի դիվերսիֆիկացումը միանշանակ օգտակար է թե Հայաստանի, թե Հայաստանի քաղաքացիների, թե գործող իշխանության համար»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իրենք չեն լինելու քաղաքական այն ուժը, որը սպասելու է, որ գործող իշխանությունը սխալներ գործի, դրանից ուրախանան, քննադատեն ու հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, քանի որ քննադատում են իշխանությանը: «Մենք լինելու ենք այն ուժը, որ փորձելու է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի ժամանակին ցույց տանք այն սխալներն ու թերությունները, որոնք պետք չէ անել: Սա է լինելու մեր քաղաքական գործունեության դրսևորման հիմնական ձևը»,- ասաց Սարգսյանը:

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին հուշագիր են ստորագրել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ: