«Ցուցակի հետ կապված որևէ հարց դեռ չենք քննարկել, կարող եմ ասել, որ ես երբեք ո՛չ մանդատի, ո՛չ ցուցակի համար կռիվ չեմ տվել, համոզված եմ, նույնը նաև՝ պարոն Աշոտյանը: Ամեն մեկս ունենք մեր տեղը, ու անկախ նրանից, թե ով որ համարը կլինի՝ պետք է պայքարի, մեր պայքարը գաղափարի ու սկզբունքի համար է», - այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շարամազանովը՝ պատասխանելով հարցին, թե ըստ լուրերի՝ կուսակցության ցուցակը գլխավորելու են Վիգեն Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը։
Շարմազանովը նշեց, որ նիստի կարևոր հարցը՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցն է և հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, որոշում կընդունվի մասնակցելու։
Այն հարցին, թե ինչպես կգնահատի իրենց շանսերը ընտրությունների մասնակցության դեպքում, Շարմազանովը պատասխանեց․ «ՀՀԿ-ն 2-րդ տեղի հավակնորդ է»։
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանի սրտով չէ, որ ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ ընտրություններին, Շարմազանովն ասաց․ «Ի՞նչ է նշանակում Սերժ Սարգսյանի սրտով չի, կորոշենք, կտեսնեք, սրտո՞վ է, թե՞ ոչ»։