Վիեննայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարությունն իր մեջ ներառում է բոլոր այն թեզիսները, որոնց մասին խոսել է ՀՀ նախագահը:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով Վիեննայում մայիսի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումները: «Ապրիլին Հայաստանի Հանրապետության նախագահը նշել է, որ 1994 թ. զինադադարը, որը վերահաստատվել է 1995 թ., պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա պետք է շարունակվեն բանակցությունները: Այսինքն, նոր զինադադարի պայմանագրի կնքումն անթույլատրելի է, որովհետև կա 1994 թ. կնքված զինադադար: Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարներն իրենց հայտարարության մեջ հստակ ամրագրեցին. 1994 թ. զինադադարը գործում է ու միակ փաստաթութղն է: Իսկ այդ զինադադարով հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը: Երբ արտգործնախարարները հայտարարում են, որ այդ զինադադարը գործում է, սդա նշանակում է, որ այն գործում է իր ողջ հետևանքներով: Այդ հայտարարության մեջ անուղղակիորեն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է, և առանց Լեռնային Ղարաբաղի այդ խնդիրը որևէ մեկը չի կարող լուծել: Եվ 1994 թ. զինադադարի ստորագրման տրամաբանությունը պետք է շարունակվի: Այլ տրամաբանություն, այլ փիլիսոփայություն, այլ սկզբունք չի կարող լինել»,- նշեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ Ադրբեջանը ձախողվել է, քանի որ նրա նպատակն էր առաջին հերթին չեղյալ հայտարարել 1994 թ. զինադադարը: «Կարող ենք ասել, որ ընդունվել է Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկը, վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ է»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ տարիներ շարունակ հայկական կողմը հստակ հայտարարել է, որ միայն կողմ է շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը: «Միակ կողմը, որը դեմ է հանդես եկել հետաքննության մեխանիզմների իրականացմանը, եղել է Ադրբեջանը: Մենք տեսանք, որ այստեղ ևս Ադրբեջանը իր նպատակին չհասավ, իսկ մեր Հանրապետության նախագահի առաջարկը, որ այս փուլում հետաքննության մեխանիզմների ներդրումն անհրաժեշտ է, ընդունվեց: Այն ընդունվել է երեք համանախագահ երկրների կողմից»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Համանախագահ երկրների արտգործնախարարներն իրենց հայտարարությամբ վերահաստատել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Այսինքն՝ Ադրբեջանի նպատակը՝ զինադադարը խախտել, նոր զինադադար պարտադրել, զիջումներ կորզել, կարգավորման նոր փաստաթուղթ առաջ բերել, Լեռնային Ղարաբաղին հանել բանակցային գործընթացից, չիրականացավ: Այս ամենը ցույց է տալիս, որ պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Վաշինգտոնը և պաշտոնական Փարիզը ընդունել են հայկական կողմի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը: Կարող ենք ասել, որ Նախագահ Սարգսյանի առաջարկություններն ընդունվել են և ընդունվել են ոչ միայն բանավոր, այլ իրենց արտացոլումն են գտել արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա շատ կարևոր է: Բանակցությունների վերսկսման համար Հանրապետության նախագահն առաջ էր քաշել որոշ առաջարկներ և թեզիսներ, և Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները ցույց տվեցին, որ համաձայն են պաշտոնական Երևանի հետ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Եզրափակելով խոսքը՝ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ այս ամենն առաջին հերթին եղել է հայ զինվորի քաջության շնորհիվ: Նրա խոսքով՝ շփման գծում հայ զինվորների ձեռքբերումն ու հաջողությունը մայիսի 16-ին արտացոլվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: