Հայտնի հեռուստահաղորդավար և մեկնաբան Վլադիմիր Պոզները մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցը:

 

pozneronline.ru կայքում նա գրել է հետևյալը.

 

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցի ընթացքում ես մտածում էի այն մասին, թե որքան դժվար է ընդունել սեփական մեղքը: Խոսքը վերաբերում է այդ սարսափելի կոտորածին, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ. խոստովանել, որ ցեղասպանություն է եղել: Սակայն ոչ միայն Թուրքիան է մեղք գործել նման կերպ:

 

Օրինակ, իմ սիրելի Ամերիկայում դեռևս ոչ մի կերպ չեն կարողանում ընդունել, որ իրականում հնդիկների դեմ ցեղասպանություն է իրականացվել: Եվ այսպես նայում ես, Ճապոնիան առանձնապես չի ցանկանում ճանաչել, թե ինչ է իրականացրել Կորեայում կամ Չինաստանում: Այո, Գերմանիան ճանաչել է, հիանալի է: Բայց եկեք չմոռանանք, որ Գերմանիան պարտվել է պատերազմում և օկուպացված է եղել, և դա մի փոքր տարբերվում է: Ի վերջո, եթե Գերմանիան հաղթեր, ապա հազիվ թե կընդուներ, որ ցեղասպանություն է գործել հրեաների դեմ:

 

Ես միշտ զարմանում եմ, թե ինչու մարդիկ չեն հասկանում, որ ընդունելով մի բան, պետք է ավելի հեշտ լինի, հատկապես, եթե դու ինքդ մեղավոր չես դրանում, չէ՞ որ դա տեղի է ունեցել վաղուց:

 

Այդուհանդերձ, մենք տարօրինակ կենդանիներ ենք, ես նկատի ունեմ մեզ՝ մարդկանց: Երբեմն մտածում ես, թե ինչի՞ համար է մեզ տված ուղեղը: Ի՞նչ ենք ուզում: Կարելի էր ապրել բնականոն կյանքով, կարելի էր նույնիսկ հանգիստ ապրել, բայց մենք ինքներս ենք կառուցում անհավատալի խոչընդոտներ, որից միայն ինքներս էլ տառապում ենք: Համենայն դեպս, ես դրա մասին շատ եմ մտածում և Հայաստանի նախագահի հետ զրույցում, ես մտածեցի դրա մասին կրկին ու կրկին: Ձեզ նույնպես առաջարկում եմ»,- եզրափակել է Պոզները: