Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։ Այս մասին նոյեմբերի 12-ին ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյան:
«Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել։ Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է։ Ընդ որում՝ Նախիջևանի Հանրապետության տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել»,- նշեց Տոնոյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել։
Հարցին՝ արդյոք հայկական կողմն այդ ուղղությամբ ունի դիրքային բարելավումներ, նախարարը պատասխանեց՝ այո։
«Այո, և ոչ՝ մեկ տեղ։ Ընդ որում՝ ոչ պարտադիր ՀՀ տարածքում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։