«Շինարարական տեխնոլոգիան, որոնցով կառուցվում են ներկայիս շենքերը, 50-60-ական թվականների տեխնոլոգիաներ են ու դրանց ժամանակը վաղուց անցել է: Միակ լուծումն այն է, որ շատ արագ մեծածավալ շինարարություն սկսվի և սենդվիչային տարբերակով արտադրվեն բնակելի կառույցների մոդուլներ, ու դրանով ստանալ մեծ թաղամասեր»,-այս մասին Երևանի ավագանու հերթական նիստում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր մեսչյանը:
Գլխավոր ճարտարապետն ընդգծեց, որ մի փոքր պետք է ունենալ վաղվա տեսիլք և անդրադառնալով գործընկերներին, ասաց. «Դուք այստեղ լինելուք եք մոտ 5 տարի ու Երևան քաղաքի տեսիլքը և ճարտարապետական ապագան ինչ-որ չափով կախված է նաև ձեզնից: Քաղաքի սոցիալական պատվերը ես ստանալու եմ ձեզանից. սա խնդիր է, որ պետք է լուծենք միասին»:
Մեսչյանի համոզմամբ՝ բնակիչներին բնակելի ֆոնդով ապահովելու միակ ճանապարհը ճարտարապետությունն ու շինարարությունը գոնե 20-րդ դարի վերջին մի փոքր մոտեցնելն է, ոչ թե 21-րդ դարին, քանի որ ներկայում կառուցվող շինարարության տեխնոլոգիան շատ թանկ է և ժամանակատար:
Վերջում Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ ճարտարապետությունը նաև կնպաստի հայրենադարձությանը, որի մասին պետք է մտածենք բոլորս միասին, «ոչ թե սփյուռքի նախարարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունն առանձին-առանձին»: