ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նախատեսում է հաջորդ տարի հիմնանորոգել կենսական նշանակության ճանապարհների 15 հատված, ինչը 35 գյուղի հնարավորություն կտա միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ճանապարհներով միանալ միջպետական և հանրապետական ճանապարհներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այս մասին ասաց ԱԺ-ում պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
«Մենք այս տարի բավականին լուրջ ներդրումներ ենք կատարել նաև համայնքային կենսական ճանապարհների շինարարության մեջ: Կարծում ենք, որ այս ծրագիրը խիստ կարևոր է գյուղական բնակավայրերի զարգացման համար: Մյուս տարի նույնպես շարունակելու ենք այս ծրագիրը: Հիմնանորոգվելու են ևս 15 հատված, որոնք 35 լրացուցիչ գյուղի հնարավորություն կտան միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ճանապարհներով միանալ միջպետական և հանրապետական ճանապարհներին»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Նրա կարծիքով' դա գյուղական համայնքներին թույլ կտա իրենց պարենային մթերքները հեշտությամբ տեղափոխել և վաճառել:
Այս տարի շուրջ տասը հատված է հիմնանորոգվել, որոնք 25 համայնքներ կենսական ճանապարհներով կապում են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ: