Վերջին շրջանում շատ է խոսվում ապրանքների ներմուծման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հետ ունեցած խնդիրների, մասնավորապես՝ այն մասին, որ ապրանքն ինքնարժեքից բարձր գնով է ՊԵԿ-ը մաքսազերծում:  Այս խնդրին օրերս անդրադարձել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ ապրանքների ներմուծման պրոցեսում մենք բանակցային կողմ չենք: 

Շուրջ երեք ամիս է, ինչ ցեմենտի ներմուծմամբ զբաղվող «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Արվին Նազարյանի՝ 46 տոննա 460 կգ ցեմենտն անհայտ ճակատագրով գտնվում է մաքսատանը: Նազարյանի խոսքով՝ իրենից պահանջում են վճարել մի գումար, որը վաճառքի գնից 2 անգամ ավելի է:

 

«Բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք: Պատճառաբանում են, որ ներքին արտադրողին պետք է պաշտպանեն և այդ իսկ պատճառով՝ պետք է ներմուծվի մաքսային բարձր արժեքով՝ 1 տոննան՝ 200 դոլարով: Սակայն նրանք ոչ մի հիմնավորում չեն տալիս այն դեպքում, երբ ՀՀ շուկայում 1 տոննա ցեմենտի գինը 50-60 հազար դրամ է՝ մոտ 120 դոլար»,-մանրամասնեց Նազարյանը:

Մեր զրուցակիցը պնդում է, որ խնդրի վերաբերյալ բողոքել է ՊԵԿ-ին, սակայն ՊԵԿ-ը  հրավիրված ժողովի ժամանակ չի անդրադարձել դրան. «Ինձ անընդհատ ցրում են՝ ասելով՝ գնա, մենք կպատասխանենք»:

Նազարյանը նաև ՊԵԿ աշխատակիցներին հարցադրումներ է արել՝ նշելով, թե ՀՀ-ում ցեմենտի վաճառքով զբաղվող ընկերությունները ոչ մի եկամուտ չեն ստանում: «Մինուսով ենք աշխատում: Այստեղ կամ ինչ-որ մարդկանց շահերն են պաշտպանում, կամ ինչ-որ բան այն չէ: Ինձ ասել են, որ այդ հարցը քննարկման փուլում է և փորձում են գտնել լուծման հնարավոր ճանապարհները»,-ասաց Արվին Նազարյանը:

Վերջում գործարարը հավելեց, որ ապրանքը դեռևս գտնվում է մաքսային պահեստում և ինքը յուրաքանչյուր օրվա համար վճարում է շուրջ 10.000 ՀՀ դրամ պահեստի վարձավճար. «Ցեմենտն ունի ժամկետային սահմանափակում և մեծ է ռիսկը, որ 2 ավտոմեքենա ցեմենը ուղղակի կդառնա ոչ պիտանի: Պատրաստվում եմ դիմել ՀՀ վարչապետին, ինչպես նաև բոլոր միջազգային կառույցներին»,-ասաց նա:

 

Արմինե Միքայելյան