Լարսի ոդիսականը արդեն շուտվանից դադարել է որևէ մեկի համար անսովոր երևույթ լինել: Բոլորն էլ գիտեն, որ Լարսը կարող է փակվել յուրաքանչյուր պահի, ցանկացած հնարավոր և անհնարին պատճառաբանությամբ: Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում իրավիճակ կփոխվի նաև այս հարցում, որ նոր իշխանությունները կցուցաբերեն քաղաքական կամք, նախաձեռնողականություն և նոր մոտեցում՝ հազարավոր քաղաքացիներին հուզող այս խնդրի լուծմանը:
 
Սակայն նոր իշխանությունները, իսկ ավելի ստույգ՝ տրանսպորտի և կապի նորանշանակ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, որոշել է հեծանիվ չհորինել և դիմել փորձված տարբերակին՝ հույսը դնել Աստծո վրա: Փոխնախարարն իր ֆեյսբուքյան էջում «աղոթք» է հրապարակել, որում կոչ է անում Աստծուն «ֆուրերի համար անխափան մուտք ապահովել և այլընտրանք գտնել Լարսի անցակետի համար»: Շատ տխուր է, իհարկե, եթե փոխնախարարն այն աստիճան ոչ կոմպետենտ է, որ անգամ չի էլ թաքցնում՝ երկրային ուժերն անզոր են լուծել նախարարության և իր առջև դրված խնդիրը: Լարսի անցակետում օրերով կանգնող վարորդներին էլ թերևս մնում է աղոթել, որ Փամբուխչյանի նման պաշտոնյաները հնարավորինս քիչ լինեն Նոր Հայաստանում և իրենց խնդիրներով զբաղվեն մարդիկ, ովքեր պարզունակ սարկազմի մակարդակի չեն իջեցնում երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերը: Հեղափոխությունից հետո ֆեսյբուքյան ակտիվ «ստատուսչիկները» դարձան պետական պաշտոնյաներ, սակայն ակնհայտ է, որ շարունակում են գործել ստատուսագրի հոգեբանությամբ՝ մոռանալով, որ հպարտ քաղաքացիները հեղափոխությունից հետո ավելիին են սպասում՝ քան երկնքից թափվող մանանան է: Նախորդ իշխանությունների օրոք հույսը Աստծո վրա էին դնում հիմնականում գյուղնախարարները:
 
Սերգո Կարապետյանը նույնիսկ չէր զլացել՝ Մայր Աթոռ էր այցելել և Գարեգին Բ-ի հետ համաձայնության եկել, որպեսզի եկեղեցին իր ներկայացուցիչը ունենա նախարարությունում: Գուցե նա վստահ էր, որ գյուղատնտեսության հաջողությունների մեծամասնությունը կախված է Աստծո բարեհաճությունից: Եվ իրոք, Ի՞նչ կա դրա մեջ զարմանալու, մարդիկ հենց կարկուտը գալիս է, ասում են՝ Աստված ջան, կարկուտը թող չգա, չե՞ք լսել: Հաստատ լսել եք: Հետևաբար, էլ ինչո՞ւ պետք է պատկան մարմինները մատը մատին խփեն. կարելի է նստել սոցցանցերում և Լարսի բացմանը նվիրված շարականներ ձոնել, միևնույն է նրանցից ոչ ոք ոչինչ չի պահանջում: Բոլորիս հույսը Աստվածն է: